Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՀՀ պետական այցից օրեր անց սոցիալական մեդիայում և սունկ կայքերում համակարգված ձևով տարածվում է նրա ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մի տեսանյութ, որում մայիսի 5-ին Գյումրիում կայացած համերգի ընթացքում իբրև թե Փաշինյանը դիպչում է Մակրոնի աճուկին։
Այդ տեսանյութը կեղծ է։
Մայիսի 15-ից տեսանյութը լայն տարածում է գտել X-ում, ապա TIkTok սոցիալական ցանցերում․ X-ում այն առաջինը տարածել են մի շարք անգլալեզու քարոզչական ու հումորային էջեր (1,2,3,4,5), որոնց թվում է նաև ռուսամետ թեզեր ու Կրեմլի քարոզչական մեքենայի հեղինակած կեղծ տեղեկություններ տարածող Truth_teller հաշիվը։
TIkTok-ում տեսանյութը տարածվել է ֆրանսալեզու մի քանի հաշիվներում (1, 2)։
Մայիսի 15-ից տեսանյութը տարածվել է նաև հայալեզու սունկ կայքերում՝ Yerevantimes{.}am-ում և meknaban{.}am-ում․ նշենք, որ վերջին ռեսուրսը FIP.am-ի ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռևս ապրիլ ամսին։
Այս ռեսուրսը տարածել էր Կրեմլի թուրք քարոզիչ Օքայ Դեփրեմի կեղծ պնդումը, համաձայն որի՝ Փաշինյանը «արգելելու էր Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները»։
FIP.am-ը դոմեյներ վերլուծող WhoIs հարթակի միջոցով պարզել է, որ այս դոմեյնով կայքը գրանցվել է նախորդ տարեվերջին՝ 2025 թվականի դեկտեմբերի 15-ին՝ մեկ տարի ժամանակով։
Կայքի IP հասցեի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն տեղակայված է ամերիկյան Namecheap, Inc. ընկերությանը պատկանող սերվերում, որը լայնորեն օգտագործվող հոսթինգ ծառայություն է՝ հազարավոր կայքերի համար։ Հետևաբար, այս տվյալը միայն փաստում է կայքի տեխնիկական տեղակայման վայրը և չի բացահայտում դրա իրական սեփականատիրոջը կամ խմբագրական պատասխանատուներին։
Այս ռեսուրսը հիմնականում արտատպում է այլ աղբյուրների նյութերը։
Տեսանյութի ստեղծման համար օգտագործվել են հատվածներ մայիսի 5-ին Գյումրիում կայացած «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգից, որի ընթացքում Փաշինյանն ու Մակրոնը միասին ելույթ են ունեցել բեմահարթակից։
Այսպիսով, Փաշինյանի ու Մակրոնի մասնակցությամբ խմբագրված տեսանյութը սկսել են համակարգված կերպով տարածել սոցիալական մեդիայի անգլալեզու և ֆրանսալեզու քարոզչական էջերը և սունկ կայքերը։
Նանե Մանասյան
The post Մակրոնի և Փաշինյանի մասնակցությամբ կեղծ տեսանյութը տարածվում է սունկ կայքերում ու սոցմեդիայում appeared first on FIP.AM.