Հայաստանը չի պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյան
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը չի պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք չենք պատրաստվում ապահարզան տալ որևէ մեր գործընկերոջ։ Քաղաքականությունն ու դիվանագիտությունն այսպիսի ապահարզաններ, կարծեմ թե, առանձնապես չեն ճանաչում պատմության ընթացքում», – ասել է Միրզոյանը Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` Հայաստանը և Ռուսաստանը գործընկերներ են, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և Հայաստանը տրամադրված է առողջ քննարկման միջավայրում փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։
Նա նշել է, որ խնդիրներ կան, սակայն ըստ նախարարի, խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում, և այդ խնդիրներին ուղղակի պետք է կոնստրուկտիվ քննարկմամբ լուծումներ գտնել։
«Ի վերջո, բոլոր կողմերը պետք է մեծ հարգանքով վերաբերվեն մյուս կողմի այս կամ այն հարցում ինքնուրույն որոշում կայացնելու իրավունքին։ Մենք շատ լավ հասկանում ենք և Ռուաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ ԵԱՏՄ անդամակցությունը և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են», – նշել է Միրզոյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակվելու է, և երբ կհասունանա այն պահը, որ հենց այդ ժամանակ պետք է որոշում կայացվի, Հայաստանն այդ որոշումը կկայացնի։
Հայաստան-ԵՄ. գլխավորը
2025 թ․-ի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին։ Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրեց նախագահը։
2025 թ․-ի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կողմերը հաստատեցին Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ Երևանում հայտարարեցին, որ խոսքը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական կայունությանն աջակցելու մասին է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներ, սակայն առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Նրա խոսքով՝ եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կկատարվի երկրի քաղաքացիների հետ միասին։
2026 թ․-ի մայիսի 4-ին Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Դրան մասնակցում էին ԵՄ երկրների, Եվրոպայի այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված էր որպես «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»