Fitch․ Վրաստանում գնաճն առաջիկա ամիսներին կմնա բարձր

Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը կանխատեսում է, որ Վրաստանում գնաճը մոտ ժամանակներս կմնա բարձր և միայն ամիսներ անց կսկսի նվազել՝ մոտենալով նպատակային ցուցանիշին։

«Մենք ակնկալում ենք, որ գնաճն առաջիկա ամիսներին կմնա բարձր, ապա աստիճանաբար կնվազի՝ հասնելով 3% նպատակային մակարդակին», – նշվում է գործակալության զեկույցում։

2026 թվականի ապրիլին երկրում գնաճն արագացել է՝ հասնելով 5.9%-ի, ինչը գրեթե կրկնակի բարձր է Վրաստանի Ազգային բանկի նպատակային ցուցանիշից։

Գների աճի հիմնական պատճառը էներգակիրների թանկացումն է։ Ի պատասխան՝ Ազգային բանկը մայիսի սկզբին բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ մինչև 8.25%, և հասկացնել տվել, որ առաջիկա ամիսներին կարող է շարունակել դրամավարկային քաղաքականության խստացումը։

Fitch-ը կարծում է, որ այս պահին Ազգային բանկին հաջողվում է զսպել գների ավելի կտրուկ աճը՝ դրական իրական տոկոսադրույքների շնորհիվ։ Գործակալության գնահատմամբ՝ դա նվազեցնում է լարիի թուլացման և այսպես կոչված «երկրորդային ինֆլյացիոն ազդեցությունների» ռիսկերը, երբ վառելիքի թանկացումը սկսում է արտացոլվել այլ ապրանքների և ծառայությունների գների վրա։

Միևնույն ժամանակ գործակալությունը նշում է, որ վրացական տնտեսությունը շարունակում է արագ աճել։ 2026 թվականին Fitch-ը կանխատեսում է ՀՆԱ-ի աճ մոտ 6.5% մակարդակով՝ չնայած արտաքին ռիսկերին և միջազգային տնտեսական միջավայրի վատթարացմանը։

Leave a comment