Սի Ցզինպինը Թրամփին ասել է, որ Պուտինը «կարող է զղջալ Ուկրաինա ներխուժելու համար». FT

Քաղաքականություն

19.05.2026 | 13:51

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը կարող է «ի վերջո զղջալ Ուկրաինա ներխուժելու համար»։ Այս մասին ասվում է ամերիկյան կողմի կողմից Պեկինում ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև բանակցություններից հետո պատրաստված նյութերում, հայտնում է Financial Times-ը։ Ըստ Meduza-ի՝ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

FT-ն նշում է, որ Սի Ցզինպինն առաջին անգամ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ նման գնահատական հնչեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ժամանակ։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ Չինաստանի առաջնորդը Ռուսաստանի և Ուկրաինայի մասին «անկեղծ և անմիջական» բանակցություններ է վարել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի հետ, սակայն ձեռնպահ է մնացել Պուտինի՝ Ուկրաինա ներխուժման որոշման վերաբերյալ մեկնաբանություններից։

Ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ Սի Ցզինպինի մեկնաբանությունները լրատվամիջոցներում հայտնվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցից կարճ ժամանակ առաջ։ Ռուսաստանի նախագահի այցը Պեկին նախատեսված է մայիսի 19-ի երեկոյան։ Այցի պաշտոնական մասը կսկսվի մայիսի 20-ի առավոտյան՝ Պուտինի և Սի Ցզինպինի միջև Տյանանմեն հրապարակում կայանալիք ողջույնի արարողությամբ։ Այնուհետև առաջնորդները կանցկացնեն բանակցություններ նեղ կազմով։

Չինաստան այցից առաջ Պուտինը տեսաուղերձով է հանդես եկել, որում հայտարարել  է, որ «ռուս-չինական հարաբերությունները հասել են իսկապես աննախադեպ մակարդակի»։

«Ռուս-չինական սերտ ռազմավարական դաշինքը կարևոր, կայունացնող դեր է խաղում համաշխարհային ասպարեզում։ Միևնույն ժամանակ, մենք ընկերություն չենք անում որևէ մեկի դեմ, այլ աշխատում ենք խաղաղության և համընդհանուր բարգավաճման համար»,- ասել է նա։

Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ։ Սա ԱՄՆ նախագահի առաջին այցն էր Չինաստան 2017 թվականից ի վեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment