Ես իմ երեխուն եմ ուզում, իմ երեխուն վառեցիք Ազատ գյուղում. Սպիտակում Փաշինյանի հրահանգով հեռացրին զոհված զինվորի պապիկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզում է: Արշավը սկսվեց Սպիտակից:

Հանդիպման ժամանակ Փաշինյանն ասաց՝ իրենց խնդիրն այս պետությունը ոչ թե տասնամյակով, այլ հազարամյակով սերնդեսերունդ փոխանցելն է, ապա վստահեցրեց՝ այսօր դրա հիմքերը դրված են. «Ինձ վրա եմ վերցրել այդ համարձակությունն ու պատասխանատվությունը, այդ անապատի 40 տարին ավարտվել է: Երբ որ Մովսեսը Եգիպտոսից ժողովրդին հավաքած տանում էր դեպի ավետյաց երկիր ու 40 տարի անապատով պտտվեց մինչեւ հասնեն ավետյաց երկիր: Ժողովուրդ, մենք տեղ ենք հասել, մեր 40 տարին ավարտվել է: Առաջիկա ընտրություններում պետք է ֆիքսենք, որ տեղ ենք հասել»:

Հետո խոսեց պաշտպանունակ բանակ ունենալու մասին, ասաց՝ չունենալը գայթակղություն է ագրեսիայի համար. «Ուզում եմ մայիսի 28-ին ժամանակ գտնեք ու գաք Հանրապետության հրապարակ, մենք ձեզ նոր բանակ ունենք ցույց տալու, նոր սպառազինություն, նոր ռազմական տեխնիկա»:

Վարչապետին ընդհատեց Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից մահացած զինվորի պապին. «Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վառեց Ազատ գյուղում: Իմ երեխուն վառեցիք»:

Փաշինյանն ի պատասխան արձագանքեց. «Թրենդ ա դառել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են կալուգացիները, ասենք մի 200.000 դրամ տալիս, ուղարկում է»:

Փաշինյանը նաեւ հայտնեց, որ ոստիկաններին նախապես հրահանգել է, որ նման դեպքերում հեռացնեն խանգարող քաղաքացիներին. «Տարեք, թող գնան իրենց գործին»:

Մեկ այլ քաղաքացի էլ տան հարցերով մոտեցավ Փաշինյանին ու դժգոհեց՝ 5 տարի է «քուչեքն են». «9 անձ ունեցող ընտանիքով քուչեքն ենք: 35 տարի այդ շենքում ապրել ենք, քանդել են, ա դե ինձ լսի է, վարչապետ ջան»:

Վարչապետը սկսեց հետաքրքրվել համայնքային ղեկավարներից՝ երբ է այդ կնոջ նոր բնակարանը հանձնվելու, իսկ պատասխանը տիկնոջը վստահություն չներշնչեց:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment