ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է սպորտի ոլորտի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրի սպորտի ոլորտին առնչվող ուղղությունների ընդհանուր նկարագիրը և պատասխանել ներկաների հարցերին:
«Միջնաժամկետ ծախսային ծրագրի շրջանակում սպորտի ոլորտի քննարկումը պետք է դիտարկենք ոչ միայն որպես բյուջետային գործընթաց, այլև որպես քաղաքականության հստակեցման և համակարգային փոփոխությունների ձևավորման կարևոր փուլ։ Պետք է արձանագրենք, որ ոլորտում ինչպես ձեռքբերումներ, այնպես էլ բացթողումներ և լրացման կարիք ունեցող բազմաթիվ հարցեր ունենք, որոնք, համադրելով տարածքային համաչափ զարգացման և արդյունքների չափելիության հետ, պետք է դրական լուծում ստանան»,- ասել է Հասմիկ Ավագյանը՝ ընդգծելով ոլորտային գործունեության հաշվետվողականության և թափանցիկության ապահովումը:
Հասմիկ Ավագյանի խոսքով՝ սպորտի ոլորտում պետական քաղաքականությունն ուղղված է մասսայական սպորտի զարգացմանը, մարզական ենթակառուցվածքների բարեկարգմանն ու նորերի ձևավորմանը՝ ներառականության ապահովմամբ, մարզիկների խրախուսմամբ ու մարզաձևերի խթանմամբ:
Ըստ նրա՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությունը վերաբերում է բարձր նվաճումների սպորտի, զանգվածային ֆիզիկական ակտիվության և առողջ ապրելակերպի զարգացմանը։ Ռազմավարության կարևոր թիրախներից է՝ ապահովել յուրաքանչյուր երեխայի հասանելիությունը նախընտրած մարզաձևին, ինչպես նաև դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի արդյունավետ կազմակերպումը։ Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ բոլոր համայնքներում սպորտային ենթակառուցվածքների հիմնումը ռազմավարության առաջնային ուղղություններից է․ այս համատեքստում նախարարությունը կարևորում է պետություն–մասնավոր հատված համագործակցությունը։ Նշվել է նաև՝ մասսայական սպորտի և զանգվածային միջոցառումների մասնակցությունը կարևոր է երեխաների սպորտով հետաքրքրվելու և ինքնադրսևորվելու առումով։
Նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը ներկայացրել է նաև մարզիկների աջակցության գործող ծրագրերը, ըստ այդմ՝ անվանական թոշակներ տրամադրվում են այն մարզիկներին և մարզիչներին, որոնք տվյալ տարում ունենում են բարձր արդյունքներ և հաջորդ տարվա ընթացքում ստանում ամսական խրախուսում։ Պատվովճարներ նախատեսված են բարձրագույն նվաճումներ ունեցող մարզիկների համար և տրամադրվում են ցմահ՝ ամսական վճարների տեսքով։ Օլիմպիական նպաստներն ուղղված են Օլիմպիական խաղերին պատրաստվող հեռանկարային մարզիկներին, մարզիչներին և մասնագիտական անձնակազմին, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ մարզումների վրա։ Նախատեսված են նաև միանվագ պարգևատրումներ. տարվա ընթացքում ցուցադրած բարձր արդյունքների համար մարզիկներին տարեվերջին տրամադրվում են խոշոր դրամական պարգևներ։
Պետության առաջնահերթություններից է նաև Հայաստանում միջազգային մրցաշարերի անցկացումը, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի տեսանելիությունը սպորտային քարտեզում՝ խթանելով նաև զբոսաշրջային հոսքերը: Հասմիկ Ավագյանի դիտարկմամբ՝ արդեն իսկ անցկացված մրցաշարերի փորձառությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կարողանում է մրցաշարերի կազմակերպման բարձրակարգ կազմակերպական աշխատանքներ իրականացնել։ Նշված բոլոր ուղղությունները միջնաժամկետ ծախսային ծրագրում պահպանվում են որպես առաջնահերթություն։
Հասմիկ Ավագյանը պատասխանել է նաև մարզաշխարհի ներկայացուցիչների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ տարբեր քաղաքներում մրցաշարերի անցկացման հնարավորությանը, մարզադպրոցների օրինակելի կանոնադրությունների մշակման ընթացքին, ֆեդերացիաների ֆինանսավորման մեխանիզմներին, մեթոդաբանությանը և այլն:
Դիտումների քանակ7