Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է․ պետությունը հստակ իրավական պարտավորություններ ունի․ ՄԻՊ

Հասարակություն

04.02.2026 | 17:45

ՄԻՊ Անահիտ Մանասյանն անդրադարձել է ոստիկանության ծառայողի կողմից քաղաքացու խոշտանգման տեսանյութին։

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:

Քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը:

Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,- ասված է հաղորդագրությունում։

Նախօրեին Factor.am-ին ՄԻՊ-ից հատնել էին, որ գրասենյակն ուսումնասիրում է սոցցանցում տարածված տեսանյութը։

 

Leave a comment