Դոնալդ Թրամփն իր թիմի հետ կքննարկի Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների տարբերակները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա ազգային անվտանգության թիմը մայիսի 19-ին կհանդիպեն՝ քննարկելու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների: CNN-ի հաղորդմամբ էլ՝ միջոցառումը տեղի կունենա «այս շաբաթվա սկզբին»: Այլ մանրամասներ չեն փոխանցվում, գրում է Current time-ը։

Մայիսի 16-ին ԱՄՆ նախագահը հանդիպել էր նույն խմբի հետ Վիրջինիայում: Ներկաների թվում են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Թրամփի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը։

Բացի այդ, մայիսի 17-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Ըստ The New York Times-ի՝ մայիսին Թրամփի մերձավոր օգնականները պատրաստել են Իրանի վրա նոր հարվածների ծրագրեր, եթե Սպիտակ տունը որոշի սրել հակամարտությունը: Առաջարկվող տարբերակների թվում էին իրանական ռազմական օբյեկտների լայնածավալ ռմբակոծությունը, ինչպես նաև հարստացված ուրանը Իրանից դուրս բերելու ցամաքային գործողությունը։

Axios-ի հետ զրույցում Դոնալդ Թրամփն ասել է, որ դեռ սպասում է Թեհրանի կողմից թարմացված խաղաղության առաջարկին, որը, նրա կարծիքով, «ավելի լավը կլինի, քան նախորդը»։

«Մենք ուզում ենք գործարք կնքել։ Եվ նրանք [իրանցիները] չեն առաջարկում այն, ինչ մենք ենք ուզում։ Նրանք պետք է մեզ  ընդառաջ գնան, հակառակ դեպքում՝ լուրջ հարված կստանան, և նրանք դա չեն ուզում»,- ասել է  Թրամփը՝ հավելելով, որ եթե ԱՄՆ-ը կրկին հարձակվի Իրանի վրա, հարվածը կլինի «շատ ավելի ուժեղ, քան նախկինում»։

Բացի այդ, Թրամփը սոցիալական ցանցերում հրապարակել է արհեստական ​​բանականության օգնությամբ ստեղծված պատկեր, որտեղ նա նստած է կառավարման վահանակի մոտ, սեղմում է մեծ կարմիր կոճակ, իսկ հետևում էկրանները հեռարձակում են Երկրի վրա տիեզերական զենքի միջոցով իրականացված հարվածներ։ Դրանցից մեկը միջուկային պայթյուն էր հիշեցնում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment