Հաստատ ոչ հույն փիլիսոփան ասել է. «պաշտոնը խիարի պես բան ա, մի օր ձեռդ ա, մի օր…»

Աշխարհում շատ են դեպքերը, երբ պետության ղեկավարների խոսքը դառնում է թևավոր, դասագրքային, մարդիկ մեջբերում են դրանք, օրինակ բերում աշակերտներին ու ուսանողներին, զարդարում դպրոցների ճակատները ու ամրագրվում համաշխարհային քաղաքական պատմության էջերում։

Դրանք սովորաբար դասակարգվում են երկու շերտի. առաջինը՝ ինտելեկտուալ խումբն է, որն ամենից տարածվածն է, օրինակ Չերչիլի մտքերը, երկրորդը՝ տափակաբանությունն է, օրինակ Լենինի՝ «Սովորի՛ր, սովորի՛ր, սովորի՛ր»-ը։

Սակայն Նիկոլ Փաշինյանը ձևավորում է երրորդ շերտը, որը տափակաբանության ու գռեհկաբանության ինչ-որ խառնուրդ է, սկսած՝ «Սովորիր, որ լավ ապրես»-ից վերջացրած պատերին ծեփելը, ասֆալտին փռելը, ծնոտին հարվածելը, կզացնելը, չոքեցնելը, դոմփելը, համբալը, լակոտը…:

Ահա սա է Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, որը խայտառակություն է առաջին հերթին հենց պետության համար։ Իհարկե, ցանկացած գռեհիկ խոսք, որը եթեր է գնում, որը դառնում է քաղաքական բառապաշար, հանրային քննարկման նյութ դատապարտելի է, դա ուղղակի ազդում է ոչ միայն քաղաքականության որակի, այլև նոր սերնդի դաստիարակության վրա, բայց կրկնակի դատապարտելի է, երբ նման խոսույթով հանդես է գալիս պետության ղեկավարը, թեկուզ այն պարզ պատճառով, որ նրա խոսքն ավելի լսելի է, ավելի հանրային է, ավելի շատ է ուշադրության կենտրոնում, քան մյուսներինը։ Էլ չասած, որ պետության ղեկավարն ինքը պետք է օրինակ ծառայի քաղաքական մթնոլորտի ու բառապաշարի մաքրմանը, սակայն, երբ նա հանրային տիրույթում օգտագործում է հայհոյանք, դրանով անցնում է թույլատրելիության բոլոր սահմանները։ Բացի այդ, որքան շատ է հանրային խոսույթում հայհոյանքը, այդքան ցուցադրում է քաղաքական մտքի ու ինտելեկտի բացակայությունը։

Այսօր Նիկոլ Փաշինյանը սպառնում էր ընդդիմադիրներին կզացնել, ընդ որում, դա ասում էր իր հետ խոսացող կնոջը, ու զավեշտն այն է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերին ծափահարում էր իրեն ուղեկցող զանգվածը, այդ թվում՝ տղամարդիկ։ Ավելին՝ ինչ-որ տեսանյութի մարդկանց սպառնում էր «մասկաները մտցնել նրանց համապատասխան տեղը»։

Դե քանի որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական խոսույթը այդ աստիճան իջեցրել է, որ այլևս որևէ կարմիր գիծ չի պահպանվում, ակամայից հիշեցինք մի հայտնի խոսք, հենց Փաշինյանի վերջին ասածի համատեքստում. «Պաշտոնը խիարի պես բան ա, մի օր ձեռդ ա, մի օր…»։

Կարեն Կարապետյան

Leave a comment