Կա մսի, բենզինի գների աճ. Մարտին Գալստյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
12 ամսյա գնաճը 2025թ. տարեվերջին կազմել է 3,3 տոկոս առավելագույնը մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին: Այս մասին Աժ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Մենք Աժ գործընկերների հետ համատեղ գնաճը կենտրոնական բանկի համար ավելի խստացրեցինք 4 տոկոսից իջեցրեցինք 3 տոկոս, որը իմ խորին համոզմամբ երկարաժամկետ հատվածում ռիսկերի կառավարման տեսանկյունից և երկրի բարեկեցության տեսանկյունից շատ կարևոր քայլ էր»,-ասաց նա:
Գալստյանի խոսքով՝ 2026թ. սկզբից զգալիորեն ավելացել են անորոշություները ու ռիսկերը կապված Մերձավոր արևելքի հակամարտության շուրջ լարվածության ու սրման, Էներգակիրների գների և դրանց տատանողականության աճի և առևտրային ուղիների սահմանափակման հետ:
«Եվրագոտում պահպանվող կառուցվածքային խնդիրների և էներգակիրների գների և դրանց մատակարարումների նկատմամբ բարձր խոցելիության պայմաններում տնտեսական աճը շարունակելու է թուլանալ»,-նշեց նա:
Նրա խոսքով՝ 2026 թ. առաջին եռամսյակում Հայաստանում շարունակվում է արձանագրվել բարձր տնտեսական ակտիվություն, որին մեծապես նպաստում են շինարարության և ծառայությունների ճյուղերի բարձր աճը:
«Վերջին ամիսներին ծառայությունների ճյուղում բարձր ակտիվությունը ուղեկցվում է կառուցվածքային նկատելի տեղաշարժերով դեպի առավելապես պահանջարկի ընդլայնմամբ շարժվող ենթաճյուղեր մատնանշելով տնտեսությունում հարաբերականորեն բարձր ներքին պահանջարկի պայմանների առակայությունը, ավելին նկատվում են արտաքին պահանջարկի որոշակի ընդլայնման ազդակներ առավելապես արտահայտվելով Մերձավոր արևելքում լարվածության պայմաններում դեպի ՀՀ զբոսաշրջիկների հոսքերի աճով»,-ընդգծեց նա:
Մարտին Գալստյանը կարծում է, որ վերջին զարգացումների պարագայում ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 5-5,5 տոկոսի, միջակայքում թեև վերջին ամիսներին զարգացումները տարվա արդյունքում ավելի բարձր աճի ձևավորման ազդակներ են պարունակում:
Նա նկատեց նաև, որ 2026 թ. անցած 4 ամիսների ընթացքում 12 ամսյա գնաճը շարունակել է արագանալ՝ ապրիլին կազմել է՝ 5 ամբողջ 3 տոկոս:
Գալստյանը անդրադառնալով մասնավոր աշխատավարձերի աճին ասաց, որ դրանք շարունակում են դրսևորել հիմնականում կայուն միտումներ: Ըստ նրա՝ մսի գնի աճ կա, նաև կա բենզինի գնի աճ, որը որ հիմնականում միջազգային ազդեցության ներքո է ու կա ծառայությունների գների որոշակի թույլ աճ, որը պայմանավորված է թե ներքին պահանջարկի աճով, թե դրսի պահաջարկի աճով: «Այսինքն զբոսաշրջիկները, գալիս են՝ օգտվում են Հայաստանի ծառայություններից, իրենք որոշակի գների մակարդակը տանում են վերև»-եզրափակեց Կենտրոնական բանկի նախագահը: