Առաջարկվում է սահմանել դրույթ, ըստ որի՝ դատական նիստին հնարավոր կլինի մասնակցել տեսակապով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

««ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», ««ՀՀ քրեակատարողական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի հիմնական տրամաբանությունը հեռավար դատական նիստերի անցկացման հնարավորության ապահովումն է տեսակապի միջոցով: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 18-ին հրավիրված հերթական նիստում:

Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական փաթեթով առաջարկվում է սահմանել դրույթ, ըստ որի՝ դատական նիստին հնարավոր կլինի մասնակցել տեսակապով ինչպես մեղադրյալի միջնորդությամբ, այնպես էլ դատարանի նախաձեռնությամբ:

Նախագծի նպատակն է ապահովել հասարակական կարգի և առողջության պաշտպանությունը, վարույթի մասնակիցների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանցագործությունների կանխումը, ինչպես նաև դատական քննության իրականացումը ողջամիտ ժամկետներում:

Արմեն Ղազարյանը նշել է, որ նման փորձառություն կիրառվել է նաև COVID-19 համավարակի ժամանակ, երբ կարճաժամկետ կարգավորումների միջոցով ապահովվել էր հեռավար մասնակցության հնարավորությունը: Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ևս արձանագրել է, որ տեսակապով մասնակցությունը կարող է համարվել ընդունելի՝ համապատասխան ընթացակարգային երաշխիքների առկայության դեպքում:

Նախագծով նախատեսվում են մի շարք ընթացակարգային երաշխիքներ՝ ապահովելու համար մեղադրյալի և դատապարտյալի լիարժեք մասնակցությունը դատական նիստին: Մասնավորապես՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է: Նա պետք է գտնվի մեղադրյալի գտնվելու վայրում՝ քրեակատարողական հիմնարկում կամ ձերբակալվածների պահման վայրում, սակայն իր միջնորդությամբ կարող է մասնակցել նաև նիստերի դահլիճից: Պետք է երաշխավորվի, որ վարույթի բոլոր մասնակիցները տեսնեն և լսեն միմյանց: Մեղադրյալը և պաշտպանը պետք է հնարավորություն ունենան խորհրդապահական կարգով հաղորդակցվելու: Մեղադրյալը պետք է կարողանա տեսակապի միջոցով հետազոտել ապացույցները, իսկ դատապարտյալը՝ ծանոթանալ գործի նյութերին:

Եթե վերոնշյալ երաշխիքներից որևէ մեկը հնարավոր չլինի ապահովել, դատական նիստը կշարունակվի ընդհանուր կարգով՝ առանց տեսակապի կիրառման:

Տեսակապով մասնակցություն չի իրականացվի նաև այն դեպքում, երբ դրա դեմ փաստարկված առարկություն է ներկայացնում մեղադրյալը կամ հանրային մեղադրողը, իսկ դատապարտյալի դեպքում՝ դատախազը կամ պատիժը կատարող հիմնարկի ներկայացուցիչը:

Տեսակապի կազմակերպումը կիրականացվի պետության կողմից՝ ապահովված և անվտանգ կապի միջոցներով: Տեխնիկական բնութագրերը, չափանիշներն ու կիրառման կարգը հետագայում կսահմանի Կառավարությունը:

Նախագծում ներառված են նաև անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մինչև տարեվերջ նախատեսվում է տեխնիկական վերազինում իրականացնել ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում և դատական նիստերի դահլիճներում՝ ապահովելու համար համակարգի լիարժեք գործարկումը:

Հարակից զեկուցող Ալխաս Ղազարյանի խոսքով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս փուլում հնարավոր է կիրառել այնպիսի լուծումներ, որոնք կօգնեն կրճատել դատավարությունների տևողությունը: «Ինչպես գիտեք, երկարատև դատական գործընթացները մեզ համար լուրջ խնդիր են առաջացնում. դատական նիստերը հաճախ ձգձգվում են, առաջանում են կազմակերպչական դժվարություններ, այդ թվում՝ ուղեկցումների հետ կապված»,- ընդգծել է  նա:

Պատգամավորը նշել է, որ նախագիծը մանրամասն քննարկվել է, այդ թվում՝ նաև հանձնաժողովում և հորդորել գործընկերներին կողմ քվեարկել նախագծին:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Leave a comment