Հանձնաժողովը քննարկել է փորձնակության համակարգը մրցունակ, սոցիալապես արդար և ինստիտուցիոնալ առումով կայուն դարձնող նախագծերի փաթեթը


Քաղաքացիական ծառայության համակարգում փորձնակության ինստիտուտի համապարփակ վերանայման և արդիականացման անհրաժեշտություն կա: Գործող կարգավորումները, ըստ էության, սահմանում են փորձնակության չվարձատրվող մոդել, որը ժամանակակից սոցիալ-իրավական պայմաններում չի ապահովում երիտասարդ մասնագետների համար քաղաքացիական ծառայության համակարգ մուտք գործելու հավասար հնարավորություններ: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 18-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիության ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը՝ առաջին ընթերցմամբ հանձնաժողովի անդամներին ներկայացնելով ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծերի փաթեթը:


«Չվարձատրվող փորձնակության ինստիտուտը ժամանակակից իրավական պետության պայմաններում չի կարող դիտարկվել որպես սոցիալապես արդար կամ հավասար հնարավորություններ ապահովող մեխանիզմ: Այն փաստացի սահմանափակում է գործընթացին մասնակցության հնարավորությունը այն անձանց համար, ովքեր չունեն ֆինանսական անկախություն»,- ասել է Վաչե Քալաշյանը, մանրամասն ներկայացնելով առաջարկվող փոփոխությունները, ըստ որոնց նախատեսվում է ամրագրել փորձնակի վարձատրության վերաբերյալ կարգավորումները: Միաժամանակ, փորձնակների հնարավոր վարձատրության չափը նախատեսվում է սահմանել՝ ելնելով քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի համար նախատեսված վարձատրության մակարդակից:


Միաժամանակ, «Հանրային ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նաև նախատեսել կարգավորումներ, համաձայն որոնց՝ հանրային ծառայության ստաժը չի ներառի ինչպես օրենքով սահմանված կարգի խախտմամբ հանրային ծառայության և պետական ու համայնքային պաշտոն զբաղեցնելու, այնպես էլ փորձագետ աշխատած և օրենքով հանրային ծառայության ստաժ համարվող ժամականահատվածները:


Զեկուցողը տեղեկացրել է նաև, որ կատարվել են մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ եւս: 

 Նախագծերի փաթեթի հարակից զեկուցող, հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը դրական փոփոխություն է որակել նախագծերի մշակումն ու հորդորել է գործընկերներին կողմ քվեարկել:


 Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:

Դիտումների քանակ6

Leave a comment