Մայիսի 8-ից ՀՀ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը։
Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժ։ Նրանց մի մասն ակտիվ քարոզարշավ է իրականացնում, իսկ մյուս մասը՝ ոչ այդքան՝ մարդկանց հետ ռեալ կյանքում շփումը փոխարինելով համացանցային տիրույթում տեսանյութերի հրապարակմամբ։
MediaHub լրատվական կայքը, պահելով էթիկայի նորմերը, անաչառ կերպով փորձում է լուսաբանել բոլոր ուժերին հավասարաչափ, սակայն նման ցանկություն չունեն ընտրություններին մասնակցող շատ ուժեր։
Մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցությունը այսպես ասած խուսափեց մեզնից ու անհարմարություն ստեղծեց մեր նկարահանող թիմի համար։
Գանք սկզբից․ MediaHub լրատվականը ծանոթացավ կուսակցության կողմից հրապարակված հայտարարությանը, որն, ի դեպ, կուսակցության թեկնածուներից մեկն էր տրամադրել մեզ, և ըստ որի՝ այսօր 12:00-ին Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկելու էր կուսակցության քարոզարշավը։
Նշենք, որ մենք դեռ շաբաթ օրվանից էինք փորձում կապ հաստատել «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, սակայն ապարդյուն։ Միայն օրվա վերջում էին մեզ հետ կապ հաստատել ու խոստացել գործընկերային հարաբերություններ պահպանել։
Ինչևէ, Շենգավիթ վարչական շրջան հասնելուց հետո փորձեցինք կապ հաստատել Անի Խաչատրյանի հետ, որպեզի ճշտենք՝ կոնկրետ որ հասցեում են, սակայն մեր տասից ավելի զանգերն անպատասխան մնացին։ Դրանից որոշ ժամանակ անց պատգամավորի թեկնածուն պատասխանեց մեր զանգին՝ տեղեկացնելով, որ ինքն ու Արամ Սարգսյանն այդ վարչական շրջանում իրականացվող քարոզարշավին չեն մասնակցելու, կուսակցության այլ անդամներ են լինելու Շենգավիթում։ Դա էլ հասկացանք, ու խնդրեցինք հստակ ասել, թե կոնկրետ որտեղ է իրականացվում քարոզարշավը, ու Անի Խաչատրյանն ասաց՝ կճշտի ու կզանգի մեզ։ Ուղիղ երկու ժամ սպասել ենք այդ վարչական շրջանում՝ հույս ունենալով, որ հստակ հասցե կտան մեզ։ Սակայն, ապարդյուն։
Եվ այս պայմաններում մենք դեռ փորձում ենք անաչառ լուսաբանում իրականացնել, որն, ըստ էության, քաղաքական շատ ուժերի ձեռնտու չէ։ Թե ինչո՞ւ, գուցե որոշ կուսակցություններ ուղղակի չեն ուզում ցույց տալ՝ ինչպիսի անփառունակ ընդունելության են արժանանում։
Չնայած այս ամենին, մենք պատրաստ ենք լուսաբանել բոլոր 19 ուժերի քարոզարշավը։