Հարգելի պարոն Հակոբյան
Ընդունեք մեր շնորհավորանքը Ձեր ծննդյան 49-րդ տարեդարձի կապակցությամբ։
Որքան տեղյակ ենք, հանգամանքների բերումով միշտ չէ, որ Հայաստանի Հանրապետությունում եք, բայց…
Հավատացեք, Ձեր մասին լավագույն հիշողություններ են պահպանվում։
Նախ՝ սյունեցի մեր սերնդակիցների հիշողության մեջ մնայուն է Մաքսիմ Հակոբյանի պայծառ անունը, տեսանելի՝ նրա լուսավոր հետքը։ Իսկ Դուք ոչ միայն նրա արժանավոր զավակն եք, այլև նրա որդեգրած–հյուսած արժեհամակարգի ուղղակի կրողը, ինչն արդեն իսկ գնահատելի է։
Երեք անգամ ընտրվեցիք Ազգային ժողովի պատգամավոր (2004, 2007 և 2012 թվականներ), 2013 թ․ հուլիսի 10-ից մինչև 2014 թ․ սեպտեմբերի 4-ը Սյունիքի մարզպետն էիք։
Մինչդեռ ոչ միշտ (տարբեր պատճառներով) ըստ պատշաճի արժևորվեց կամ գնահատվեց Ձեր պետական ու քաղաքական գործունեությունը։
Սակայն տարիների հեռվից ավելի հստակ ու որոշակի են երևում Սյունիքի հետ կապված Ձեր ծրագրերի ու ձգտումների հիմնավորվածությունն ու խորիմաստությունը, նաև հեռանկարայնությունը։ Մանավանդ երբ (ակամա) փորձում ենք զուգահեռներ կամ համեմատություններ անցկացնել Սյունիքի անվամբ հանդես եկող մերօրյա իշխանավորների ու Ձեր միջև։
Իսկ հիմա որտեղ էլ գտնվեք, ինչ գործունեությամբ էլ զբաղվեք, միևնույն է, մենք ունենք շահերի ընդհանուր տիրույթ, որի անունն է Սյունիք։
Համոզված եմ՝ ընդհանուր են նաև Ձեր ու հազարավոր սյունեցիների մտահոգությունները՝ կապված բախտորոշ ժամանակներ ապրող մեր երկրամասի հետ։
Տեղյակ ենք՝ սյունիքյան մի քանի ուշագրավ գործերի գլխին կանգնած եք, որը, իհարկե, դրվատելի է, որը (հուսով ենք) հետագա զարգացում կունենա։
Գաղտնիք չէ, Սյունյաց աշխարհի աչքը ճամփին է․․․ սպասում է իր կարող զավակների նոր գործերին։
Ուրիշները կգան ու կգնան, մենք պիտի տեր կանգնենք հայրենական մեր տուն Սյունիքին։
Ձեզ՝ առողջություն և հաջողություններ։
«Սյունյաց երկիր»