Կրասնոյարսկում աշակերտուհին մուրճով հարձակվել է դպրոցականների վրա, բենզին լցրել նրանցից մեկի վրա ու հրկիզել դպրոցը

Քաղաքականություն

04.02.2026 | 16:10

ՌԴ Կրասնոյարսկի թիվ 153 դպրոցում 14-ամյա աշակերտուհին հրդեհ է առաջացրել՝ հրկիզելով դասասենյակներից մեկի վարագույրներն ու զուգարանակոնքի կափարիչը, հայտնում է «Красноярск-Пожарный» տելեգրամ ալիքը: Դպրոցի աշխատակիցները մարել են հրդեհը մինչև հրշեջների ժամանումը, գրում է Meduza-ն:

Baza տելեգրամ ալիքի հաղորդմամբ՝ նա բենզին է բերել դպրոց և լցրել աշակերտներից մեկի վրա, ապա այրել դպրոցականին։ Նա նաև մուրճով հարձակվել է այլ աշակերտների վրա։ Նույնն է պնդում նաև Mash տելեգրամ ալիքը։ Աշակերտներից մեկը  NGS24-ին պատմել է, որ աշակերտուհին Մոլոտովի կոկտեյլ է նետել դասարան։

Baza-ի տեղեկություններով՝ միջադեպի հետևանքով 5 աշակերտ է վիրավորվել։ Դպրոցականը, որի վրա հարձակվողը բենզին է լցրել և այրել, ծանր վիճակում է։ Նա խորը այրվածքներ է ստացել մեջքի, ձեռքերի, պարանոցի և գլխի շրջանում։ Այրվածքներ են ստացել նաև երկու այլ երեխաներ, այդ թվում՝ հարձակվողը։ Եվս երկուսը հոսպիտալացվել են գանգուղեղային վնասվածքներով։

ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են հինգ երեխա և մեկ ուսուցիչ։

Կրասնոյարսկի երկրամասի ՆԳՆ վարչությունը հայտարարել է, որ հաղորդում են ստացել այն մասին, որ 8-րդ դասարանի աշակերտուհին այրվող կտոր է նետել դասարան, ապա մուրճով հարվածել մի քանի աշակերտների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment