Սյունիք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձորի բնակավայրի մանկապարտեզ, դպրոց և մշակույթի տուն, ծանոթացել պետական տարբեր ծրագրերով կատարված բարեկարգման աշխատանքներին։
Ժաննա Անդրեասյանին ուղեկցել են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը։
«Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի մասնաճյուղը հիմնանորոգվել է Կառավարության սուբվենցիոն ծրագրով․ աշխատանքների ընդհանուր արժեքը 34 մլն 490 հազ դրամ է, որում պետության ֆինանսավորումը կազմում է 22 մլն 418 հազ դրամ, մնացածը համայնքային ներդրում է։
Շվանիձորում 2000 թվականից հետո մանկապարտեզ չէր գործում․ 500 մանկապարտեզ պետական ծրագրով վերանորոգված նախադպրոցական ուսումնական հաստատությունը նախատեսված է 25 երեխայի համար․ մանկապարտեզի գործարկմամբ գյուղում 4 աշխատատեղ է բացվել։
Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, հետաքրքրվել առկա խնդիրներով։
Հաջորդաբար ԿԳՄՍ նախարարն այցելել է Շվանիձորի միջնակարգ դպրոց, որը վերանորոգվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ՝ Կառավարության 300 դպրոց ծրագրի շրջանակում։
Նախարարին տեղեկացվել է, որ շինարարության հիմնական աշխատանքներն արդեն ավարտված են, և դպրոցն այժմ կահավորման փուլում է։ Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար․ սովորողների թիվն այժմ 31 է։
Նախարարն ու մյուս պաշտոնյաներն այցելել են նաև Շվանիձորի մշակույթի կենտրոն, ծանոթացել շենքային պայմաններին, տեղում քննարկել խնդիրները։
ՀՀ ԿԳՄՍՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: