Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ) 1977թ․ սահմանվել է Թանգարանների միջազգային օրը, որը նշվում է յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին։ Գրեթե կես դար առաջ ընդունված որոշման նպատակն է՝ միավորել աշխարհի տարբեր երկրներում գործող թանգարանները։ Նույն տոնի շրջանակներում 2005 թվականից, Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ, ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ, իրականացվում է «Թանգարանային գիշեր» համաեվրոպական ծրագիրը։
Առաջին անգամ երկար թանգարանային գիշերը (գերմ.՝ Lange Nacht der Museen) տեղի է ունեցել Բեռլինում 1997 թվականին և տարածվել Եվրոպայի ավելի քան 120 քաղաքներում, ինչպես նաև Արգենտինայում, Ֆիլիպիններում և այլուր։ Մեր երկիրը «Թանգարանային գիշեր»-ին միացել է 2005 թվականից, և ՀՀ-ում գործող բոլոր թանգարաններում մայիսի 16-ին անցկացվում են Թանգարանային գիշերները։ Երևանում արդեն երկրորդ տարին է՝ գործում է Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանը, որը նույնպես ընդգրկված է «Թանգարանային գիշեր» ծրագրում։
Թանգարան էին այցելել հայ ժողովրդի լավագույն զավակներից Աշոտ Նավասարդյանի գաղափարներ կիսողներ, համախոհներ, հարազատներ, այլք։
Քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Ա․ Նավասարդյանը ծնվել է 1950թ․ մարտի 28-ին։ Երիտասարդ տարիքից եղել է Ազգային միացյալ կուսակցության անդամ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարային դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ Մահացել է 1997 թվականի նոյեմբերի 3–ին, 47 տարեկանում։
Ամուսնացած էր, ունի 3 դուստր։
Թանգարանում օրվա ընթացքում այցելուներն հնարավորություն ունեցան բացահայտելու Աշոտ Նավասարդյանի կյանքն ու գործունեությունը ներկայացնող թանգարանային հավաքածուները, ծանոթացան ազգային-պետական մտածողության, գաղափարների և արժեքների այն ժառանգությանը, որն այսօր ևս շարունակում է արդիական մնալ։
«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում տուն-թանգարանում տեղի ունեցան շրջայցեր, բաց քննարկումներ։ Այցելուների թվում էին նաև երիտասարդներ։ Ա․ Նավասարդյանի ավագ դուստրը՝ Անուշ Նավասարդյանը, ով Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոցի տնօրենն է, ներկաներին ծանոթացրեց հոր՝ բանտային կյանքի պատմությանը, քաղաքական գործունեությանը։ Ամուսնու մասին հետաքրքիր հիշողություններ պատմեց կինը՝ տիկին Հասմիկը։ Ընթացքում համերգային մասով հանդես եկավ սիրված երգիչ Վահագ Ռաշը՝ կատարելով հեղինակային և տարբեր երգահանների երգեր։ Հնչած «Պար պսակի» երգի հանրահռչակման մասին հուշեր պատմեց հասարակական-քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում ահաբեկչության զոհ դարձած Յուրի Բախշյանի կինը։ Երեկոյի ընթացքում եղան այլ միջոցառումներ ևս։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: