Սա Հայաստանում հնարավոր ամենամեծ կորուստն է՝ միասնության կորուստը․ Վյաչեսլավ Վոլոդին

Ռուսաստանի պետդումայի ներկայացուցիչ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիության հետ մերձեցմանն ուղղված գործողություններն ու որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտմանը։ «Այս ամենը հանգեցնում է հասարակության պառակտման։ Եվ, թերևս, սա Հայաստանում հնարավոր ամենամեծ կորուստն է՝ միասնության կորուստը»,- գրել է Վոլոդինը՝ զուգահեռներ անցկացնելով 2014 թվականի Ուկրաինայի և Բալթյան երկրների հետ։ Նա, որպես փաստարկ, մեջբերել է տնտեսական տվյալները. Վոլոդինի խոսքով՝ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը 2025 թվականին նվազել է 45,4%-ով։ Վոլոդինի գնահատմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունից երկրի դուրս գալը կարող է երկրին արժենալ ՀՆԱ-ի 15-20%-ի կորուստ՝ առնվազն 5 միլիարդ դոլար։ Տնտեսական հետևանքներից բացի, Վոլոդինը նշել է «պատմությունը վերաշարադրելու փորձերը» և «եկեղեցու հալածանքները»՝ մեղադրելով Արևմտյան ազդեցությանը Հայաստանի «ազգային և ավանդական հիմքերը» խաթարելու մեջ։ Վոլոդինի հայտարարությունը հնչում է վերջին շաբաթներին Մոսկվայի և Երևանի միջև Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության շուրջ աճող վեճի ֆոնին։ Փաշինյանն ավելի վաղ նշել էր, որ ԵՄ-ին միանալու վերջնական հարցը պետք է դրվի հանրաքվեի։ Ռուսական կողմը, ի դեմս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի, շեշտել էր, որ ԵՄ անդամակցությունն անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միությանը երկրի մասնակցության հետ։ Այսօր ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանի ապագա ընտրությունը Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև պետք է կատարեն երկրի քաղաքացիները, երբ դրա անհրաժեշտությունը հասունանա։

Leave a comment