Նիկոլ Փաշինյանը Սյունիքում քարոզարշավի ժամանակ անդրադառնալով Արցախին մասնավորապես ասել է.«Ինչ խոսում են, ասում են՝ բա Ղարաբաղը, բա Արցախը, ուզում եմ հասկանալ՝ էդ հողը ինչո՞վ է մերը եղել․․․ ընդեղ դպրոց ենք կառուցել, մանկապարտեզ ենք կառուցել, գործարան ենք կառուցել, ինչո՞վ է մերը եղել․․․ մերը չի եղել». Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը այս կերպ է փորձել էր հիմնավորել իր պնդումը, որ Արցախը հայկական չի եղել։
Այս եւ Փաշինյանի՝ Արցախի վերաբերյալ մտքի գոհարների մասին զրուցել ենք արցախցի քաղաքագետ, օկուպացված Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի օգնական Ժիրայ Ազիզյանի հետ.
– Գրեթե համանման ախտանիշներով տառապող Ավան հոգեկան առողջության կենտրոնում բուժում ստացող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ կանգնելով Ստեփանակերտի Վերածննդի դատարկ հրապարակի կենտրոնում հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Հոգեբանի մասնագիտական կրթություն չունեմ, Զիգմունդ Ֆրեյդին էլ քաղաքագիտական վերլուծության տեսանկյունից եմ ծանոթացել, այնպես որ մի քիչ դժվարանում եմ հարցին պատասխանել։ Բայց եթե Ձեզ կոնկրետ Արցախում ունեցածների և արածների հարցն էր հետաքրքրում, ապա պետք պետք է նշեմ, որ և դպրոցներ ենք ունեցել, և մշակութային կենտրոններ, և եկեղեցիներ, և կենսագոյատևման ու ազգային ինքնության պահպանման համար անհրաժեշտ այլ ինստիտուտներ։
– Պարոն Ազիզյան, Փաշինյանը նաեւ վստահեցնում է, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Ղարավաղի հանար այնքան բան չի արել, որքան արել է ՔՊ-ն.«Հայաստանի հաշվին Ղարաբաղում թոշակներն ու աշխատավարձերը բարձր են եղել, իսկ այն մարդիկ, ովքեր սա մոռանում են՝ ուտող-ուրացող են, երախտամոռ են»։
– Օբյեկտիվորեն գնահատելով ՀՀ կառավարության կողմից հատկացվող ֆինանսական աջակցությունը Արցախում սոցիալ-տնտեսական զարգացման տեսանկյունից ` պետք է նշեմ, որ վերջին իշխանության օրոք ևս տարբեր ծրագրերի միջոցով օժանդակություն եղել է, բայց արդյո՞ք դա պայմանավորված էր ներքաղաքական նկրտումներով, թե՞ հենց ռազմավարական նշանակությամբ պայմանավորված Արցախի դեմոգրաֆիական անվտանգության խնդրի լուծման մոտիվներով: Հարցի պատասխանը թերևս այսօր Հայաստանի կառավարության կողմից իրականացվող անբավարար ու անարդյունավետ ծրագրերի հետևանքների գնահատմամբ կարելի է տալ, երբ կարծես նպատակադրված արվում է ամենը արցախցուն Հայաստանի Հանրապետությունից վտարելու, դրանով արցախյան հարցը Հայաստանի ներքաղաքական օրակարգից ամբողջությամբ արմատախիլ անելու համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝