Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներն ու ՀՀ-ում առկա համակարգային խնդիրները


Մայիսի 14-15-ը Ծաղկաձորում անցկացվել է «Անձնական տվյալների պաշտպանությունը ոստիկանության գործողությունների ընթացքում» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:


«Շատ ողջունելի է, որ ներգրավված են տարբեր ծառայությունների ներկայացուցիչներ, որովհետև քննարկվող թեմաները վերաբերելի են Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին»,- նշել է Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Սերգեյ Ղազինյանը։


Դասընթացի մեկնարկին թեստավորման միջոցով ստուգվել են մասնակիցների անձնական տվյալների պաշտպանության ոլորտային գիտելիքները։


«Ունեցել ենք նաև դերային խաղեր, երբ մասնակիցները հնարավորություն են ունեցել կոնկրետ իրավիճակ ուսումնասիրել և քննարկել իրավիճակի վերաբերյալ իրենց դիրքորոշումը»,- նշել է «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» ծրագրի ղեկավար Դիանա Ղազարյանը։


Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են անձնական տվյալների պաշտպանության միջազգային չափանիշներն ու Հայաստանում առկա համակարգային խնդիրները։


Գործնական վարժությունների միջոցով մասնակիցները կատարելագործել են անձնական տվյալների մշակման իրավաչափության գնահատման հմտությունները։


«Ինձ համար շատ կարևոր էր այս դասընթացին մասնակցելը, քանի որ մենք իրականացրեցինք փորձի փոխանակում, որը շատ կարևոր է մեր մասնագիտական գործառույթների իրականացման համար»,- նշել է ՆԳՆ ՀՈԳՎ Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկան Նաիրա Սուքիասյանը։


Վերապատրաստումն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» ծրագրի շրջանակում։


Նման ձևաչափով դասընթացները շարունակական են։

Դիտումների քանակ6

Leave a comment