Սպանությունների նախապատրաստում, ավազակություն ու գողություններ․ Լոռիում հանցավոր խումբ է բացահայտվել (ՖՈՏՈ)

Լոռիում քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել․ ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Լոռիում քրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։


ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: 




Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին: 




Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք-զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով: 




Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել և ձերբակալվել են։ 




Լոռու մարզի քննչական վարչության ծառայողների հետ համատեղ կատարված խոշորամասշտաբ խուզարկություններով նրանց բնակության վայրերում հայտնաբերվել են ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոցներ: 




Հանցավոր խմբի 10 անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Կատարվում է նախաքննություն։



Leave a comment