Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ

 

Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան մասին: Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ նա բացառիկ նվիրումով ծառայել է հայ թատերարվեստին:

Անգնահատելի է նրա դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:

Նա ոչ միայն վարպետ բեմադրիչ էր, այլև նվիրյալ մանկավարժ, որն իր հարուստ փորձն ու գիտելիքն է փոխանցել սերունդներին՝ ձևավորելով թատերարվեստին ու կինոարվեստին բնորոշ յուրահատուկ ճաշակ, իսկ ստեղծած թատերական կտավները՝ «Ծիրանի ծառ», «Ձեր կյանքի ժամերը», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», իրավամբ, հարստացրել են մեր թատերական մշակույթը:

Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել Նիկոլայ Ծատուրյանի դերը որպես մտավորական, ով հանդես էր գալիս սուր և ճշմարիտ խոսքով՝ մշտապես բարձրաձայնելով ժողովրդին հուզող խնդիրների ու հարցերի մասին:

ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին:

Leave a comment