Իշխանական թիմը թեժ նախընտրական ռեժիմում է, Քաղաքացիներն ընդդիմադիրների հետ շփումից վախենում են․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ դռնփակ հանդիպումներում հորդորել է ՔՊ-ականներին անձամբ՝ վարչական շրջան առ վարչական շրջան, մարզ առ մարզ, իրականացնել քարոզարշավ՝ անկախ կարգավիճակից՝ նախարար են, պատգամավոր, թե մարզպետ։ Բոլորը պետք է մտնեն մարդկանց տները, այլ ոչ թե ինչ-որ անծանոթ երիտասարդներ բուկլետներ տարածեն։

Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը թիմակիցներից պահանջել է ոչ միայն շրջել փողոցներով և տուն առ տուն շփվել քաղաքացիների հետ, այլ նաև ամեն երեկո զեկուցել, թե իրականում մարդիկ ինչ են մտածում իշխանության և հատկապես ՔՊ-ի մասին։

Ըստ այդմ՝ ՔՊ-ն փորձում է հասկանալ, թե որ հատվածներում ունի թույլ դիրքեր, և սկսել ավելի ակտիվ աշխատել հենց այդ ուղղություններով»։

 

 

«Հրապարակ» թերթը գրում է ․ Հայաստանում այնպիսի տոտալ վախի մթնոլորտ է հաստատված, որ քաղաքացիները վախենում են անգամ կանգնել, շփվել, զրուցել լայվ ռեժիմով մայրաքաղաքի փողոցներում քարոզարշավ անող ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։

Մեզ պատմեցին, որ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներին տասնյակ քաղաքացիներ թաքուն ժեստերով խնդրում-հասկացնում են, որ լայվն անջատեն, որպեսզի կարողանան անկաշկանդ շփվել: Երբ անջատում են, խոստովանում են, որ վախենում են տեսախցիկների առջեւ երեւալ ու հայտնվել իշխանության պատժիչ մեքենայի գործողությունների թիրախում։

Գաղտնիք չէ, որ արդեն տեւական ժամանակ է՝ իշխանություններն իրավապահների միջոցով որս են սկսել ընդդիմադիր ուժերի համակիրների շրջանում, շտաբների մոտ շուրջօրյա հերթապահություն են անում, տեսախցիկներ են տեղադրել մոտակայքում, բացահայտում են ելումուտ անողների ինքնությունը եւ փորձում ճնշելով, վախեցնելով՝ հետ կանգնեցնել ընդդիմությանն աջակցելու կամ ընտրելու մտքից։

Leave a comment