ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար է նշանակվել Յանա Լանտրատովան. Ուկրաինայում նա մեղադրվում է երեխաների արտաքսման մեջ

Քաղաքականություն

14.05.2026 | 18:21

Յանա Լանտրատովան դարձել է Ռուսաստանի նոր մարդու իրավունքների հանձնակատար։ 2016 թվականից այս պաշտոնը երկու ժամկետով զբաղեցնում էր Տատյանա Մոսկալկովան, գրում է Current time-ը։

Լանտրատովան ՌԴ Պետդումայի պատգամավոր է 2021 թվականից։ 2025-ի փետրվարին նա նախագահել է քաղաքացիական հասարակության զարգացման և հասարակական ու կրոնական միավորումների խորհրդարանական հանձնաժողովը։ Ըստ Meduza-ի՝ նա առաջարկել է, ի թիվս այլ բաների, արգելել «ԼԳԲՏ քարոզչությունն ու բռնությունը խթանող» տեսախաղերը և «Խաղաղություն բոլորին» ուղղափառ կազմակերպության գործունեությունը։

Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժումից հետո նա սկսել է շրջագայել օկուպացված տարածքներում։ Ավելին, նրա բողոքից հետո Վլադիմիր Մականինի «Կովկասի գերին» վիպակը հանվել է գրականության ուսումնական ծրագրից։

Ուկրաինայում Լանտրատովան և Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովի կինը՝ Իննա Վառլամովան, մեղադրվում են «պաշտպանված անձանց հարկադիր անհատական ​​​​արտաքսման» և «պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու» մեջ։ Քննության տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսի վերջին, պաշտոնական այցի պատրվակով, նրանք մեկնել են Ռուսաստանի կողմից օկուպացված Խերսոն և Խերսոնի տարածաշրջանային որբանոցից առևանգել երկու երեխայի՝ 10 ամսական Մարգարիտա Պրոկոպենկոյին և երկու տարեկան Իլյա Վաշչենկոյին։

«Հաստատվել է, որ նրանց առողջական վիճակը լրացուցիչ հետազոտության կամ բուժման կարիք չեն ունեցել: Հետևաբար, նրանց Ռուսաստան արտաքսելու օբյեկտիվ հիմքեր չեն եղել։ Քննության տվյալներով՝ ուկրաինացի երեխաներին տրվել են ռուսական ծննդյան վկայականներ»,- հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Meduza-ի տվյալներով՝ նրա նշանակման համար լոբբինգ է արել ռեժիսոր Նիկիտա Միխալկովը։

2023 թվականի մարտին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր էր տվել՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներից երեխաների անօրինական արտաքսման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment