Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խստիվ դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել։

Նախարարն իր գրառման մեջ հիշեցրել է, որ, ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև ծագած վիճաբանության ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրներից մեկը փորձել է պոլիկլինիկայից դուրս հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրված քարտեզը օձիքին փակցված քաղաքացուն՝ պնդելով, թե այդ տարածքը պատկանում է Սամվել Կարապետյանին։

Ավանեսյանը նշել է, որ 2018 թվականին Հայաստանի քաղաքացիները մերժել են նման բարքերը և ընդգծել, որ որևէ քաղաք, գյուղ, համայնք կամ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ անձի։

«Հայաստանում յուրաքանչյուր նման տարածք մեզանից յուրաքանչյուրինն է․ նաև հենց սրա համար էր դեռևս 8 տարի առաջ մեկնարկած մեր բոլորիս պայքարը»,- գրել է նա։

Նախարարը քաղաքացիներին հորդորել է չտրվել սադրանքներին, պահպանել զսպվածություն և հունիսի 7-ին «ևս մեկ անգամ հաստատակամ մերժել ժամանակավրեպ ու վաղուց մերժված բարքերը»։

«Տե՛ր ենք կանգնելու մեր պետությանը, տեր ենք կանգնելու խաղաղությանը»,- եզրափակել է նա։

Leave a comment