Եմենի իշխանությունները և հութիները գերիների փոխանակման շուրջ համաձայնագիր են կնքել

Բաժանորդագրվել

Համաձայնագրով նախատեսվում է ազատ արձակել արաբական կոալիցիայի մի շարք ռազմական ուժերի, կառավարական բանակի զինծառայողներին և անվտանգության ծառայությունների աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, որն ամենախոշորն է 12 տարվա հակամարտության ընթացքում։ Այս մասին հայտնել է Հորդանանում ընթացող բանակցություններում կառավարական պատվիրակության ղեկավարի տեղակալ Յահյա Կազմանը։

«Եմենի կառավարությունը և «Անսար Ալլահ» խմբավորումը Հորդանանի մայրաքաղաքում եռամսյա բանակցությունների արդյունքում համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն` երկու կողմից գերեվարված 1728 մարդ կփոխանակվի», – գրել է նա Х սոցցանցում:

Կազմանը պարզաբանել է, որ համաձայնագիրը ներառում է արաբական կոալիցիայի մի շարք ռազմական ուժերի, կառավարական բանակի զինծառայողների և անվտանգության ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև հութիների բանտերում գտնվող մի շարք քաղաքական գործիչների ու լրագրողների ազատ արձակում:

Բանակցություններում հութիների պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Աբդեսալամն էլ տելեգրամյան ալիքում գրել է, որ գործարքի շրջանակում իրենք ազատ կարձակեն 580 բանտարկյալի, այդ թվում՝ 7 սաուդցի և 20 սուդանցի զինվորականի, իսկ կառավարական կողմը՝ հութիների 1100 կողմնակիցների:

Եմենում հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, երբ Սանայում հութիները զավթեցին իշխանությունը։

Leave a comment