Զելենսկին մեկնել էր Բաքու, եւ ոչ մի արձագանք Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից չեղավ, եւ ոչ ոք նրան չդատապարտեց, չհաշված մասնավոր անձանց գնահատականները մամուլում. Միխայիլ Ալեքսանդրով. «Հրապարակ»

Ի՞նչ քայլեր սպասել Ռուսաստանից․ լսել ենք ռուս քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովին, որին չի կարելի համարել Կրեմլի քարոզիչ, եւ որը սովորաբար օբյեկտիվ կարծիքներ է հնչեցնում:

– Լրագրողների հետ հանդիպ­ման ժամանակ ՌԴ նախագահը շեշտեց, որ իրենք դեմ չեն լինի, եթե Հայաստանը որոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Քաղաքագետներն են անդրադառնում «քաղաքական ապահարզանին»: Ձեր կարծիքով, որքա՞ն հեռու կգնա Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հարցում:

– Նախ՝ պրոպագանդիստների մասին. կհիշեք՝ Պուտինի ասուլիսի ժամանակ լրագրողը, որը տվել էր Հայաստանի մասին հարցը, ամեն կերպ փորձում էր նրան սադրել Փաշինյանի դեմ ագրեսիվ հայտարարությունների: Մինչ այդ Զելենսկին մեկնել էր Բաքու, եւ ոչ մի արձագանք Ռուսաստանի ԱԳՆ-ի կողմից չեղավ, եւ ոչ ոք նրան չդատապարտեց, չհաշված մասնավոր անձանց գնահատականները մամուլում: Ոչ մի պաշտոնական դատապարտում չեղավ մամուլում, չնայած Զելենսկին ստորագրել էր Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր: Պուտինին հատուկ տրվեց հարցը, որպեսզի նա քննադատի Փաշինյանին՝ Զելենսկու հետ հանդիպման համար, իսկ դա հետագայում կօգտագործվեր՝ ցույց տալու, որ Ռուսաստանը երկակի ստանդարտներ ունի` աչք է փակում Ալիեւի իրականացրած բեսպրեդելի վրա եւ քննադատում է Հայաստանին: Բայց Պուտինը, ի պատիվ իրեն, չտրվեց այդ սադրանքին: Զելենսկու, նրա այցի մասին նա ոչինչ չասաց, իսկ Փաշինյանին քննադատեց ոչ թե Զելենսկու հետ հանդիպման համար, այլ այն բանի, որ նա վարում է պրոարեւմտյան քաղաքականություն եւ պատրաստվում է մտնել ԵՄ: Այդ ասուլիսից հետո Պեսկովի լրատվամիջոցները՝ Պեսկովն է վերահսկում մեր ԶԼՄ-ները, սկսեցին շահարկել Զելենսկու այցի թեման: Նրանց դուր չեկավ, որ Պուտինը չսրեց Զելենսկու այցի խնդիրը Երեւան եւ Բաքու, եւ նրանք սկսեցին ուռճացնել Զելենսկու հայտարարությունների թեման: Փաշինյանը դրան չարձագանքեց, թեեւ ակնհայտ էր, որ դա ընդհանուր նշանակության միջոցառում է, եւ Փաշինյանը չէր կարող Զելենսկու բերանն այդտեղ փակել: Նա ինչ ասես, կարող էր ասել:

– Մենք այս պահին շատ կախյալ ենք Ռուսաստանից, եւ այդ այցից հետո Հայաստանում հոռետեսություն կա` գազի թանկացումից ու միգրանտների արտաքսումից մինչեւ ատոմակայանի կանգնեցում, ուրանի մատակարարման դադարեցում:

– Կարծում եմ՝ Ռուսաստանում արդեն կոնսենսուս է ձեւավորվել անգամ նրանց շրջանում, ովքեր Հայաստանին լավ են վերաբերվում, որ եթե Փաշինյանը վերընտրվի, միեւնույն է` Հայաստանին տանելու է դեպի Արեւմուտք: Հայ հասարակությունը չի դիմադրելու, եւ Հայաստանի վերակողմնորոշումը դեպի Արեւմուտք անխուսափելի է լինելու, ուստի Ռուսաստանի համար իմաստ չկա շարունակել վճարել Փաշինյանի արեւմտյան կողմնորոշման համար: Բոլոր արտոնությունները Հայաստանից կխլվեն, գազի գինը կբարձրանա, միգրանտների նկատմամբ խստացումներ կլինեն, ապրանքների նկատմամբ, որոնք այստեղ են գալիս, սահմանափակող մաքսատուրքեր կկիրառվեն` ժամանակի հետ: Ատոմակայանի հետ կապված՝ այնքան էլ վստահ չեմ․ մենք պայմանագիր ունենք, որը Ռուսաստանը կպահպանի: Ինչպե՞ս կարող ենք կանգնեցնել ատոմակայանը: Մենք երբեք այդպես չենք վարվում: Անգամ ՆԱՏՕ-ի անդամ Բուլղարիայի հետ մենք այդպես չենք վարվում, այնտեղ էլ ենք ուրան մատակարարում, սպասարկում կայանը: Կարծում եմ, կայանի հետ կապված՝ չարժե անհանգստանալ, բայց առեւտուրը, միգրացիան եւ էներգառեսուրսների մատակարարման սահմանափակումներ անպայման կլինեն: Եթե Հայաստանում որեւէ մեկը կարծում է, թե Ադրբեջանը Հայաստանին պահելու է, Հայաստանի ծախսերն իր վրա է վերցնելու, խորապես սխալվում է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment