Ադրբեջանն առ այսօր ոչ մի քայլ, վստահության ոչ մի հիմք չի՛ տվել, որպեսզի Հայաստանում մարդիկ մտածեն հնարավոր խաղաղության իրական հեռանկարի մասին. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Գերմանիան դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ՝ պատերազմի ավարտից քսան տարի անց և Հոլոքոստի (ցեղասպանության) համար փոխհատուցումների վճարումը սկսելուց տասներկու տարի անց՝ 1965թ-ին։ Նույնիսկ Գերմանիայի ճանաչումից ու փոխհատուցումից տարիներ հետո, միևնույն է, այս հարցը քաղաքականապես ցավոտ հարց էր երկու կողմերի համար։ Որովհետև հիմքում կար բարոյա-հոգեբանական մեծ խնդիր: Իսրայելում հասարակության զգալի մասը կտրականապես դեմ էր գերմանական պետության հետ ցանկացած հարաբերությունների։ Գերմանիայի պահպանողականները ևս դիմադրում էին:

Արցախը հանձնելուց, հազարամյա Արցախից հրաժարվելուց, սանձազերծված պատերազմից, հումանիտար աղետ դարձած բլոկադայից, ցեղասպանական վտանգից, գերևարություններից ու տարածքների օկուպացիայից ընդամենը երեք տարի անց, առանց բարոյականության նշույլի՝ գործող կառավարությունը հրճվանքով է խոսում Արցախի հարցը հարյուրամյա «փակելու» և ազերիների հետ հարաբերությունների մասին:

Ադրբեջանն առ այսօր ոչ մի քայլ, ոչ մի կոնկրետ գործողություն, վստահության ոչ մի հիմք չի՛ տվել, որպեսզի Հայաստանում մարդիկ մտածեն (ՔՊ -ին ու նրա անգիտակից զանգվածին չի վերաբերում) հնարավոր խաղաղության իրական հեռանկարի մասին: Էլ չեմ խոսում հարաբերությունների իրական կարգավորման մասին:

Ընդհակառակը՝ հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում:

Երբ դեռ չեն սպիացել Եռաբլուրի վերքերը, երբ հայրենի օջախներից բռնի տեղահանված արցախցիները դեռ չեն գտել իրենց տանիքը, երբ ազերիների հայատյացության էյֆորիան նոր թափ է հավաքում՝ սրանք, տրորելով հայ ժողովրդի ազգային շահերն ու բարոյա-հոգեբանական ապրումները՝ ձգտում են Հայաստանում ստանձնել օտարների երկարաժամկետ նամեստնիկի դերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment