Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների մասնակից կուսակցությունների, դաշինքների ներկայացուցիչներին հերթական անգամ հիշեցրել է, որ գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն, Կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ կուսակցության (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցության) պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Թեկնածուի կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված՝ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում Կենտրոնական ընտրական հանձնաժողով չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ։