Երկու կողմերի հարաբերությունների կարգավորման շրջանակում ևս մեկ կարևոր քայլ է կատարվել․ Սերդար Քըլըչ

Նախօրեին հայ-թուրքական կարգավորման գործընթացում հերթական քայլն է արձանագրվել։ Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ուղղությամբ կարևոր առաջընթաց է գրանցվել։

Քըլըչը «X» հարթակում տարածել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունը և նշել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցուցումներով շարունակվող կարգավորման գործընթացի շրջանակում ևս մեկ կարևոր քայլ է կատարվել՝ տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման նպատակով։

«Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ երկու երկրների բնակիչների, ապա և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»,- գրել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Օնջու Քեչելին հայտարարել էր, որ Հայաստանի հետ 2022 թվականից ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում իրականացված վստահության ամրապնդման քայլերի արդյունքում՝ 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկին առնչվող բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքները։

Նա նաև հայտարարել է, որ Հարավկովկասյան տարածաշրջանում  խաղաղության և բարեկեցության ամրապնդման համար ձևավորված պատմական հնարավորության պայմաններում Անկարան շարունակելու է աջակցել տարածաշրջանում տնտեսական համագործակցության զարգացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment