Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ Թել Ավիվում մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է Իրանի հետ համաձայնության հասնել այնպիսի պայմաններով, որոնք Իսրայելի համար անընդունելի կլինեն։ Այդ մասին հայտնում է CNN-ը։
Աղբյուրների խոսքով՝ եթե հնարավոր գործարքը թույլ տա Իրանին մասամբ պահպանել իր միջուկային ծրագիրը, սակայն չանդրադառնա բալիստիկ հրթիռների և տարածաշրջանային դաշնակից խմբավորումների հարցերին, ապա Իսրայելում պատերազմը կսկսեն համարել անխուսափելի։
«Գլխավոր խնդիրն այն է, որ Թրամփը կարող է հոգնել բանակցություններից և կնքել որևէ գործարք՝ վերջին պահին զիջումների գնալով»,-CNN-ին ասել է իսրայելական աղբյուրներից մեկը։
Իսրայելցի պաշտոնյաների գնահատմամբ՝ մասնակի համաձայնությունը, որը չի սահմանափակի Իրանի կարևոր ռազմական հնարավորությունները և միաժամանակ կթուլացնի տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ, կարող է նպաստել իրանական իշխանությունների կայունացմանն ու ֆինանսական հոսքերի ավելացմանը։