Իրանական նավակները փորձել են ամերիկյան լցանավ գրավել Հորմուզի նեղուցում. F-35 կործանիչն իրանական ԱԹՍ է խոցել

Քաղաքականություն

04.02.2026 | 12:11

Օմանից հյուսիս գտնվող Հորմուզի նեղուցում փետրվարի 3-ի առավոտյան ԱՄՆ դրոշի ներքո նավարկող Stena Imperative լցանավին վեց զինված իրանական նավակներ են մոտեցել։ Այս մասին հաղորդում են Reuters-ը և The Wall Street Journal-ը՝ հղում անելով Vanguard Tech խորհրդատվական ընկերության տվյալներին, փոխանցրում է Meduza-ն։

Նավերի վրա գտնվողները պահանջել են, որ լցանավն անջատի շարժիչը, սակայն նավն արագացրել է ընթացքը և շարունակել առաջ շարժվել։ Հետագայում այն ​​ուղեկցվել է ամերիկյան ռազմանավով։

Իրանի Fars գործակալությունը հաղորդել է, որ իրանցի պաշտոնյաների խոսքով՝ լցանավը մտել է Իրանի տարածքային ջրեր և նախազգուշացումից հետո լքել է տարածքը՝ «առանց որևէ էական անվտանգության միջադեպի»։ Սակայն Reuters-ը հաղորդում է, որ նավը չի մտել Իրանի տարածքային ջրեր։

Նույն օրը, Bloomberg-ի հաղորդմամբ, ամերիկյան F-35C կործանիչն Արաբական ծովում խոցել է իրանական անօդաչու թռչող սարք, որը շարժվում էր դեպի ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ ինքնաթիռը խոցել է անօդաչու թռչող սարքը ինքնապաշտպանության նպատակով, քանի որ այն «ագրեսիվ մոտենում էր» ավիակրին՝ «անհասկանալի մտադրություններով»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment