Ուկրաինայի զինուժը հարձակվել է Էներգոդարի մոտ գտնվող լցակայանի վրա

Բաժանորդագրվել

Հարվածի հետևանքով ավտոմեքենա է բռնկվել։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքի ելքի մոտ գտնվող լցակայանի վրա: Այս մասին հայտնել է քաղաքապետ Մաքսիմ Պուխովը:

«Ուկրաինայի զինված ուժերը ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել քաղաքի ելքի մոտ գտնվող երկու ավտոլցակայաններին: Ավտոմեքենա է բռնկվել, այրվել է լիցքավորման աշտարակը: Անցակետով ելքը փակ է»,- հայտնել է նա «Մաքս» հարթակի իր ալիքում:

Այս պահին անցակետով երթևեկությունը երկու ուղղություններով էլ արգելված է: Քաղաքապետը նշել է նաև, որ պահպանվում է ԱԹՍ-ների նոր հարձակումների բարձր վտանգը:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment