Կրասնոդարի դպրոցներից մեկում դեռահասը կրակ է բացել․ երկու աշակերտ վիրավորվել է

Քաղաքականություն

12.05.2026 | 15:31

ՌԴ-ում Կրասնոդարի երկրամասի Գուլկևիչի քաղաքում 9-րդ դասարանի աշակերտը կրակ է բացել դպրոցում, հաղորդում է տեղական 93.ru կայքը։ Տարածաշրջանի Ներքին գործերի նախարարությունն Ինտերֆաքսին հաստատել է, որ թիվ 1 դպրոցում կրակոց է տեղի ունեցել: Կրակ բացած դեռահասը փորձել է փախչել, սակայն ձերբակալվել է։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու աշակերտ վիրավորվել է: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, գրում է Meduza-ն։

93.ru-ն հաղորդում է, որ 9-րդ դասարանի աշակերտը կրակ է բացել տրավմատիկ ատրճանակից: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ աշակերտը դպրոց է բերել օդամղիչ ատրճանակ և «վիրավորել երկու աշակերտի»:

«Այժմ մենք պետք է պարզենք, թե ինչպես է ավագ դպրոցի աշակերտը կարողացել զենքը բերել: Հետաքննություն կանցկացնենք դպրոցի վարչակազմի և անվտանգությունն ապահովող ընկերության նկատմամբ»,- հավելել է նահանգապետը:

Baza տելեգրամ ալիքը, որը սերտորեն կապված է ուժայինների հետ, հաղորդում է, որ կրակողը 16 տարեկան է: Նա օդամղիչ ատրճանակով վիրավորել է երկու 15-ամյա աշակերտի՝ քունքի և որովայնի շրջանում: Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են բավարար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment