Wildberries-ում հայկական ապրանքների վաճառքի համար անհրաժեշտ կլինի ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը խորհուրդ է տվել նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը


ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ։


Նշվում է, որ ծագման վկայականը կարելի է ստանալ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատից։


Հավաստագրման ենթակա Հայաստանում (ներառյալ ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի թվում են համապատասխանության սերտիֆիկատը և որակի հայտարարագիրը։


ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար պահանջվում է մաքսային հայտարարագիր։


ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը խորհուրդ է տվել, որ անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը պետք է սկսվի վաղ՝ ապահովելու համար, որ ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճշգրիտ և առանց ուշացումների։


Wildberries և Ozon հարթակներում Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին


Մայիսի 1-ին հայտնի դարձավ արտերկրում Wildberries և Ozon հարթակներով հայ արտադրողների արտադրանքի վաճառքի դադարեցման մասին:


«Wildberries-Armenia»-ի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ իրավիճակը կապված է ՌԴ տարածքում մաքսային ձևակերպումների շրջանակներում ապրանքների առանձին կատեգորիաների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ ընթացակարգերի կիրառման հետ: Ընկերությունից հիշեցրել են, որ ապրիլի 20-ից Ռուսաստանում փոխվել են մաքսային ձևակերպման կանոնները: Նոր պահանջների պահպանման համար վաճառողներից պահանջվել են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են թարմացված ընթացակարգերի շրջանակներում:


Ozon-ում նույնպես հայտնել են Հայաստանից Ռուսաստան ներկրվող ապրանքների առաքման ժամանակավոր դժվարությունների մասին՝ կապված մաքսային ձևակերպումների փոփոխությունների հետ:

Leave a comment