Մայիսի 22-ին Երեւանում տեղի կունենա Aznavour Toujours («Հավերժ Ազնավուր») համերգը՝ նվիրված մեծ վարպետի արվեստին։ Այն նախաձեռնել է «Ազնավուր» հիմնադրամը՝ HENDERSON նորաձեւության տան հետ համագործակցությամբ։
Բեմում հանդես կգա Քրիստինա Ազնավուրը, ում կնվագակցեն մեծ շանսոնիեի հետ աշխատած երաժիշտները՝ Շառլ Ազնավուրի երկարամյա դաշնակահար, անվանի երաժիշտ Էրիկ Բերշոյի ղեկավարությամբ:
Համերգից առաջ Մեդիամաքսի հետ զրույցում նա կիսվել է ծրագրի մանրամասներով, Ազնավուրի հետ առաջին հանդիպման հիշողություններով ու կյանքի դասերով, որ ստացել է մեծ արտիստից:
– Մայիսի 22-ին Երեւանում կներկայացնեք «Aznavour Toujours» (Հավերժ Ազնավուր) համերգային ծրագիրը: Կարո՞ղ եք կիսվել մանրամասներով, ի՞նչ կատարումներ կլսի հանդիսատեսը:
– Այդ երեկո երեւանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա բացահայտելու երաժշտական մի առանձնահատուկ ծրագիր՝ նվիրված Շառլ Ազնավուրի արվեստին:
Մենք հանդիսատեսին կներկայացնենք Ազնավուրի սիրված երգերը՝ հուզական նոր շեշտադրումներով: Հատուկ այս համերգային նախագծի համար երգերի գործիքավորումները վերանայվել են եւ մշակվել նոր մոտեցմամբ: Այս ամենի հետ մեկտեղ, շատ արժեքավոր է, որ բեմում են լինելու Շառլ Ազնավուրին տարիներ շարունակ նվագակցած երաժիշտները:
Ծրագրում կլինեն նաեւ ավելի մտերմիկ պահեր՝ մի քանի երգ միայն դաշնամուրի նվագակցությամբ, որոնք թույլ կտան առավել խորությամբ զգալ Ազնավուրի երգերի հուզական ողջ գունապնակը։
Բացի այդ, համերգի ընթացքում կվայելենք նաեւ մի քանի բացառիկ զուգերգ:
– Ի՞նչ զգացողություններ ունեք, երբ Ազնավուրի ստեղծագործությունները ներկայացնում եք հայ հանդիսատեսին:
– Միշտ շատ հուզվում եմ: Ես բախտ եմ ունեցել նրա հետ բազմիցս լինելու այստեղ ու տեսել եմ՝ ինչ խոր ու անկեղծ սիրով է հայ հանդիսատեսը սիրում նրան:
Երեւան վերադառնալն ինձ համար մեծ երջանկություն է. այստեղ ես վերագտնում եմ նրա հետ կապված բազմաթիվ հիշողություններ։ Այս երկիրն այնքան հարազատ էր Ազնավուրին եւ մինչեւ օրս առանձնահատուկ ջերմությամբ պահպանում է նրա հիշատակը։
– Շառլ Ազնավուրին առաջին անգամ հանդիպել եք, երբ շատ երիտասարդ էիք: Կա հայտնի լուսանկար, որտեղ դեռ պատանի տարիքում նվագում եք նրա տան դաշնամուրը։ Խնդրում եմ կիսվեք Ձեր հիշողություններով եւ տպավորություններով այդ օրվանից:
– Այդ լուսանկարը պատմում է Շառլ Ազնավուրի հետ իմ առաջին հանդիպումների մասին, երբ դեռ շատ երիտասարդ էի։ Ծնողներս նրա մանկության ընկերներն էին, եւ ես հնարավորություն եմ ունեցել հաճախ շփվել նրա հետ, նույնիսկ՝ նվագել նրա դաշնամուրը:
Այդ տարիներին նոր էի սկսում ուսումս Փարիզի կոնսերվատորիայում։ Շառլ Ազնավուրը կարեւոր դեր է ունեցել իմ՝ երաժշտության հանդեպ սիրո ձեւավորման եւ դաշնակահար դառնալու ցանկության հարցում։
Այս լուսանկարին նայելով՝ նորից տեսնում եմ այն ձգտումը, որն արդեն այն ժամանակ ունեի․ դառնալ այնպիսի դաշնակահար, ինչպիսի արտիստ դարձել էր Ազնավուրը՝ փոխանցելով իրական զգացմունք, կապ ստեղծելով եւ ուղղակիորեն խոսելով հանդիսատեսի սրտի հետ։
Ինձ համար այս պատկերը մնում է կյանքիս եւ ներքին ապրումներիս ձեւավորման հիմնարար պահի վկայություն։
– Ինչպե՞ս այս առաջին ծանոթությունը վերածվեց երկարամյա համագործակցության, եւ ո՞ր պահին հասկացաք, որ դարձել եք նրա հիմնական դաշնակահարը։
– Մեր այդ առաջին հանդիպումներից ի վեր Ազնավուրը միշտ մեծ ուշադրությամբ հետեւում էր դասական երաժշտության ոլորտում իմ ուղուն։
Երբ դրանից մի քանի տարի անց նա հեռուստատեսությամբ տեսավ կատարումս, ցանկություն հայտնեց, որ միասին աշխատենք: Ինձ հրավիրեց ֆրանսիական հայտնի մի հեռուստահաղորդման, որի ընթացքում խնդրեց Շոպենի ստեղծագործություններից կատարել։ Այնուհետեւ նաեւ առաջարկեց, որ նվագակցեմ իրեն երգերի կատարման ժամանակ։
Այդպես էլ սկսվեց մեր համագործակցությունը, որը շարունակվեց երկար տարիներ: Պատիվ եմ ունեցել Ազնավուրի կյանքի վերջին տասնհինգ տարվա ընթացքում նրան նվագակցել շուրջ հազար համերգի ընթացքում։
– Շառլ Ազնավուրի հետ շրջագայել եք բազմաթիվ երկրներ: Կա՞ մի պատմություն կամ դրվագ, որը հատկապես լավ է բնութագրում նրան որպես մարդ։
– Մեր բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում համերգներով հանդես ենք եկել մոտ 70 երկրում, եւ ինձ հատկապես տպավորել է Շառլ Ազնավուրի մի յուրահատուկ սովորություն․ համերգի օրը յուրաքանչյուր քաղաքում նա սիրում էր առավոտյան դուրս գալ եւ շրջել խանութներով: Հաճույք էր ստանում քայլելուց, սիրում էր խանութից խանութ անցնել ու շփվել մարդկանց հետ:
Բացառիկ հետաքրքրասեր մարդ էր, միշտ ուզում էր հնարավորինս ճանաչել մարդկանց, զգալ նոր քաղաքների մթնոլորտն ու առօրյան։ Նրա համար անհրաժեշտություն էր զգալ քաղաքի էներգիան։ Կարծում եմ՝ այդ հետաքրքրասիրությունն էր սնուցում նրա ստեղծագործական հայացքը եւ հանդիսատեսին հուզելու յուրահատուկ կարողությունը։
– Կհիշե՞ք՝ ինչ էր անում Շառլ Ազնավուրը, երբ ավարտվում էր համերգը: Ունե՞ր հատուկ ավանդույթ վարագույրների փակվելուց հետո:
– Շատ հաճախ համերգից անմիջապես հետո նա ժամանակ էր հատկացնում բեմում տեղի ունեցածը վերլուծելուն։ Խոսում էր նվագախմբի ղեկավարի, երբեմն նաեւ ինձ հետ՝ անդրադառնալով որոշ մանրամասների՝ ռիթմի, հնչողության նրբերանգների քննարկում կամ հաջորդ օրվա համար բարելավման ենթակա կետեր։
Դա միշտ շատ կարճատեւ, բայց չափազանց ճշգրիտ քննարկում էր՝ հիմնված այն ամենի վրա, ինչ նա նկատել էր համերգի ընթացքում։ Այս անխախտ սովորությունը նրա աշխատասիրության ու պերֆեկցիոնիզմի հերթական դրսեւորումն էր։
Այնուհետեւ անմիջապես անցնում էր հաջորդ կարեւոր կետին․ հանդիպում էր հանդիսատեսին, ընդունում հյուրերին, ինքնագրեր թողնում։
– Ինչպիսի՞ն էր Ազնավուրն առօրյայում եւ աշխատանքի ընթացքում։ Ի՞նչ եք սովորել նրանից ոչ միայն որպես երաժիշտ, այլեւ՝ որպես մարդ։
– Նրա հետ աշխատելով՝ ես սովորեցի խստապահանջ լինել, ձգտել կատարելության ու երբեք, երբե՛ք չհանձնվել:
Շառլ Ազնավուրը միշտ նայում էր դեպի ապագա․ մշտապես նոր նախագծերի, նոր գաղափարների եւ արդի լուծումների որոնումների մեջ էր։ Նա չէր կառչում անցյալին, այլ անընդհատ առաջ էր շարժվում՝ ստեղծագործական անհավանական էներգիայով լի։
Նա ինձ սովորեցրեց մշտապես լինել ստեղծարար, ծառայել հանդիսատեսին, ծառայել իմ սիրած գործին եւ այն ամենին, ինչ ենթադրում է արտիստի կյանքը։
Այս բոլոր առումներով Շառլն ինձ համար բացարձակ օրինակ էր։
– Ինչպե՞ս եք այսօր ընկալում նրա երաժշտությունը՝ այլ կե՞րպ, քան այն ժամանակ, երբ միասին էիք բեմում: Կհիշե՞ք առաջին համերգը, որ նվագել եք առանց նրա:
– Այսօր նրա երաժշտությունն ու երգերն առավել քան երբեւէ ներկա են մեր կյանքում։ Շառլ Ազնավուրը շարունակում է մնալ արդիական, քանի որ նրա արծարծած թեմաներն են արդիական, իսկ մեղեդիները՝ հավերժական։
Շառլի մահից հետո իմ առաջին համերգներից մեկը նրան էր նվիրված. Ազնավուրի երգերի հիման վրա գրածս մեդլեն նվագեցի՝ նրա հիշատակն ու արվեստը հավերժ վառ պահելու անխախտ վճռականությամբ:
Երբ իր համերգների ընթացքում Շառլը ներկայացնում էր ինձ, ուրախությամբ ու հպարտորեն սիրում էր ընդգծել, որ դասական դաշնակահար եմ։ Եվ հետո ասես մարտահրավեր էր նետում ինձ՝ ասելով՝ «գուցե մի օր՝ Ձեր համերգների ընթացքում, Դուք կկատարեք նաեւ իմ երաժշտությունը»։
Այժմ դա իրականություն է դարձել: Իմ դասական համերգների ընթացքում հաճախ կատարում եմ նրա երգերը եւ վստահ եմ՝ դա նրան մեծապես կուրախացներ։
– Եթե հնարավորություն ունենայիք այսօր կրկին խոսելու նրա հետ, ի՞նչ կցանկանայիք ասել կամ հարցնել:
– Պարզապես կասեի՝ «Շա՛ռլ, Ձեր բացակայությունից հետո Ձեզ անչափ կարոտում եմ եւ այնքան երջանիկ եմ, խորապես երջանիկ եմ Ձեզ վերագտնել։ Իսկ կասե՞ք, Շառլ, ո՞ր քաղաքում է մեր հաջորդ համերգը»։
«Հավերժ Ազնավուր» համերգի ողջ հասույթն ուղղվելու է «Ազնավուր» հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Պատերազմի հետեւանքով այրիացած կանանց տնտեսական զորակցման ծրագրին»:
Համերգի հիմնադիր գործընկեր՝ Հենդերսոն Ֆեշըն Գրուպ
Գլխավոր գործընկեր՝ Սիրիուս Կապիտալ
Աջակից գործընկերներ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն, Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտ, Վեոլիա:
Յանա Շախրամանյան