ԵՄ-ն և Ուկրաինան դեմ են Պուտինի առաջարկին՝ Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերին բանակցող նշանակելու վերաբերյալ

Ուկրաինայի իշխանությունները չեն աջակցում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի թեկնածությանը՝ որպես Եվրամիության կողմից Ռուսաստանի հետ բանակցող։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Բրյուսելում կայանալիք ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա կարծիքով՝ կան «շատ այլ արժանի առաջնորդներ», որոնք կարող են կատարել այդ գործառույթը։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Կայա Կալլասը նույնպես մերժել էր Շրյոդերի թեկնածությունը։ Նա նշել էր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է, որ նախկին կանցլերը ներկայացնի ԵՄ-ն Ռուսաստանի հետ բանակցություններում, որպեսզի նա կարողանա արդյունավետորեն «նստել սեղանի երկու կողմում»։

«Եթե մենք Ռուսաստանին տանք մեր անունից բանակցող նշանակելու իրավունք, ապա, ինչպես հասկանում եք, դա այնքան էլ խելամիտ չի լինի»,- ասել է Կալլասը:

Մայիսի 9-ին Կրեմլի լրագրողների հետ մամուլի ասուլիսում Պուտինը Շրյոդերին անվանել էր ԵՄ-ից «նախընտրելի» թեկնածու՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու բանակցությունների համար: Պուտինը նաև հայտարարել էր, որ Մոսկվան բաց է երկխոսության համար, բայց Բրյուսելը պետք է ընտրի մի բանակցողի, որը «մեր մասին որևէ տհաճ բան չի ասել»: Ռուսաստանը, նրա խոսքով, «միշտ» հարգալից է խոսել ԵՄ-ի հետ:

Գերմանիայի իշխող կոալիցիան քննարկում է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի մասնակցությունը որպես ԵՄ ներկայացուցիչ Ռուսաստանի հետ բանակցություններում, հաղորդել է Der Spiegel-ը: Աղբյուրների համաձայն՝ Գերմանիայի կառավարությունը չի կարծում, որ նախկին կանցլերը կարող է միայնակ կատարել նման առաջադրանք, սակայն Բեռլինում Շրյոդերի և Շտայնմայերի «միջնորդական զույգն» անվանում են «հետաքրքիր տարբերակ»:

Մինչ այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ պաշտոնապես չեն ընթանում։ Սա հաստատել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի կեսերին։

Շրյոդերը համարվում է Պուտինի անձնական ընկերը. նրանք ծանոթացել են 2000-ականներին և շարունակել շփվել կանցլերի պաշտոնից Շրյոդերի հեռանալուց հետո։ Գերմանացի քաղաքական գործիչը մի քանի տարի նաև եղել է ռուսական «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ հրաժարական տալով միայն 2022 թվականին՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո, երբ նրան քննադատել էին հայրենիքում Ռուսաստանին աջակցելու համար։

AFP-ն հիշեցնում է, որ Շրյոդերը հրապարակավ չի դատապարտել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment