Գաղտնի փաստաթուղթ՝ ՌԴ-ն փորձում է ազդել ՀՀ-ում ընտրության վրա. շվեդական Blankspot-ի բացահայտումը


Ռուսական ծագման փաստաթուղթը վերնագրված է՝ «2026 թվականի հակափաշինյանական ուղղությամբ աշխատանքի ծրագիր». գաղտնի այս փաստաթուղթը բացահայտել է շվեդական լրատվամիջոցը: Պարբերականն ահազանգում է, որ Հայաստանի կառավարության դեմ այս արշավն իրականացվում է բավականին համակարգված ձևով: Ինչ գործիքներ են նախատեսում կիրառել իշխանության վարկանիշը նվազեցնելու և հասարակական կարծիքի վրա ազդելու համար՝ ներկայացվող տեսանյութում։


Կոնֆիդենցիալ փաստաթուղթ․ Ռուսաստանը փորձում է ազդել Հայաստանում ընտրությունների վրա: Բացահայտումը շվեդական Blankspot-ինն է: Կայքը ռուսական ծագման փաստաթուղթ է գաղտնազերծել՝ «2026 թվականի հակափաշինյանական ուղղությամբ աշխատանքի ծրագիր» վերնագրով, որում նախանշվում են ինչպես ռուսական կողմի ընդհանուր նպատակները, այնպես էլ կոնկրետ մեթոդները: Ըստ փաստաթղթի՝ Ռուսաստանը ծրագրում է նվազեցնել Հայաստանի իշխանության վարկանիշը։


 


Ի թիվս այլնի, նշվում է, որ հիմնական նպատակն է ընտրություններին ընդառաջ կասկածի տակ դնել «անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահությունը»:


 


Նաև նկարագրվում է՝ ինչ ջանքեր են գործադրվում հունիսի 7-ի խորհրդարանի ընտրությունից առաջ Հայաստանի կառավարության ազդեցությունը նվազեցնելու ուղղությամբ։


 


Մեկ այլ նպատակ է՝ կանխել Փաշինյանի քաղաքական կերպարի բարելավումը կամ արդիականացումը։


 


Այնուամենայնիվ, փաստաթղթում չի նշվում, թե ընդդիմադիր որ կուսակցությունն է Ռուսաստանը նախընտրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխարեն։ Սակայն նկարագրվում են այն գործիքները, որոնք պետք է կիրառվեն հասարակական կարծիքի վրա ազդելու համար։


 


Առաջարկությունների ցանկում է՝ սոցիալական ցանցերում ավելացնել ռուսաստանամետ նարատիվները՝ դրանք 2025 թվականի աշնան համեմատությամբ՝ օրական մեկ միլիոն դիտումից հասցնելով մինչև երեք միլիոնի:


 


Փաստաթղթի համաձայն՝ ռուսամետ հարթակներում կարծիք ձևավորողների թիվը 15-ից պետք է հասցվի մոտ 40-ի։ Նրանցից առավել ակտիվները պետք է ներառվեն ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում։ Նաև նախատեսվում է սոցիալական ցանցերում իշխող ուժի դեմ ֆեյքերի արշավներ անցկացնել:


 


Blankspot-ը կարողացել է ստուգել փաստաթղթի իսկությունը և ծագումը, սակայն հնարավոր չի եղել որոշել, թե մինչև օրս որքանով է ռազմավարությունը կյանքի կոչվել: Սակայն փաստաթղթում ներառված որոշ դրույթներ արտացոլում են Հայաստանում վերջին որոշ զարգացումներ։ Blankspot-ը պարզել է, որ այս տվյալները ստացվել են 2026 թվականի մարտից առաջ ռուսական հետախուզական ծառայությունների հետ կապված անձի օգտահաշվի վրա հաքերային հարձակման արդյունքում։ Հայաստանում այդ անձը մասնակցել է համաժողովների և սեմինարների, հանդիպել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ, նաև պարբերաբար մեկնաբանություններ արել մամուլում: Ուղերձը նույնն է եղել՝ Հայաստանը գնում է վտանգավոր ճանապարհով՝ հեռանալով Ռուսաստանից:


 


Ըստ փաստաթղթի՝ քարոզչական նման թեզերին հակազդելու անհրաժեշտությունը դրդեց Հայաստանի կառավարությունը 2025 թվականի դեկտեմբերին դիմել ԵՄ-ին՝ խնդրելով նույն աջակցությունը, որը տրամադրվել էր Մոլդովային՝ նախորդ տարվա խորհրդարանի ընտրության ժամանակ։ Կայքը մեջբերել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի խոսքը, որի համաձայն՝ Հայաստանի դեմ կիրառվում են նույն մեթոդները, ինչ Մոլդովայի դեմ:


 


Կասկածներ կան, որ նմանատիպ գործելաոճ է կիրառվել նաև հարևան Վրաստանի դեմ, որտեղ 2024 թվականի ընտրությունների ժամանակ ԵՄ-ին հատուկ աջակցության համար չեն դիմել։ Ապրիլին Մետան փակել է Facebook-ի մոտ 70 կեղծ համարված հաշիվ և էջ Հայաստանում։ Միևնույն ժամանակ, ռուս պաշտոնյաները բազմիցս մեղադրել են հայաստանյան քաղհասարակությանը հակառուսական նարատիվներ տարածելու համար։


 


Փաստաթղթից պարզ է դառնում, որ սա դասական քարոզչություն չէ, այլ սոցիալական ինժեներիայի դրսևորում, որի նպատակն է անվստահություն և բևեռացում սերմանել հասարակության մեջ։


 


Blankspot-ը նշում է, որ փորձ է արվում ոչ միայն ազդել մարդկանց մտածողության, այլև նրանց քաղաքական դիրքորոշումների և գործողությունների վրա: Պարբերականն ահազանգում է, որ այս արշավն իրականացվում է բավականին համակարգված ձևով:

Leave a comment