Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի ներկայացուցիչները Կիև կժամանեն գարնան վերջին  ամռան սկզբին

Քաղաքականություն

08.05.2026 | 19:17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչները կայցելեն Կիև գարնան վերջին կամ ամռան սկզբին։ Այս մասին  հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի զեկույցից հետո: Ումերովը մեկնել էր ԱՄՆ՝ բանակցություններ վարելու, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք հույս ունենք, որ այս անգամ կկարողանանք իրականացնել մեր ծրագրերը և ակտիվացնել դիվանագիտությունը»,- գրել է Զելենսկին տելեգրամում։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ում բանակցությունների ժամանակ քննարկվել են մարդասիրական հարցեր, այդ թվում՝ գերիների փոխանակումը և անվտանգության վերաբերյալ պայմանավորվածությունները։

«Կարևոր է, որ կա կառուցողականություն, և որ մենք պետք է շարժվենք դեպի խաղաղություն՝ ամրապնդելով Ուկրաինան և Ամերիկայի հետ երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Զելենսկին։

Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունները դադարեցվել են Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր: Մայիսի 7-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Կրեմլը իմաստ չի տեսնում բանակցությունները շարունակելու մեջ, քանի որ Կիևը պետք է իր զորքերը դուրս բերի Դոնբասից՝ հետագա առաջընթացի համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment