ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Փաշինյանը ձգձգում է Եկեղեցու թեման, դեռ կուլմինացիային չի հասել։ Նա ժամանակ է շահում, կոտրում է հանրային դիմադրությունը, քանի որ Եկեղեցին մեծ հեղինակություն ունի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային – քաղաքացիական միավորման վարչության անդամ Աննա Կոստանյանը։
Յոթ եպիսկոպոսների նկատմամբ հանրային քրեական հետապնդման մասին խոսելիս Կոստանյանը նկատեց, որ դա արվում է Եվրոպայում Եպիսկոպոսաց ժողովը խոչընդոտելու համար․
«Եվրոպական ոչ բոլոր ուժերն են կողմ այն ամենին, ինչ կատարվում է Հայոց Եկեղեցու շուրջ, դրա համար իշխանությունը չի ցանկանում, որ այն կայանա։ Բայց եթե Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանում կայանար, Երևան եկող եպիսկոպոսներին օդանավակայանից կալանավորելու են»։
Խոսելով ընտրությունների մասին` Կոստանյանը նշեց, որ չպետք է ընդդիմությունը հախուռն կերպով պատրաստվի այդ պրոցեսին, դեռ ժամանակ կա փողոցային պայքար իրականացնելու համար։
«Ոտքերը հողից չպետք է կտրել, սոցիալական հարցումները լիարժեք պատկեր չեն տալիս։ Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունը, մեծ ռեսուրսներ կուղղի ընտրություններին, հանրային մոբիլիզացիայից է կախված, թե ինչ կլինի»,- մեկնաբանեց Կոստանյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ