Կեղծ օգտահաշիվներից զանգեր պետական մարմինների անունով WhatsApp-ում և Telegram-ում. կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Կիբեռոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում կոչ  է անում զգուշանալ խարդախության նոր ձևից


ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ Կիբեռոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում զգուշանալ խարդախության նոր ձևից։


Ըստ տրամադրած տեղեկատվության, վերջին շրջանում կրկին մեծ թափ է հավաքել խարդախության այն ձևը, երբ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցների անունից տարբեր հարթակներում (WhatsApp, Viber, Telegram և այլն) բացված կեղծ օգտահաշիվների միջոցով փորձ է արվում քաղաքացիներին տարբեր պատրվակներով ուղղորդել տրամադրել անձնական կամ բանկային տվյալներ կամ կատարել դրամական փոխանցումներ։


 Գերատեսչությունը հիշեցնում է, որ նման հաղորդագրությունները և կապի փորձերը իրական չեն և ուղղված են խաբեության միջոցով շահույթ ստանալուն: Խարդախները արհեստականորեն ստեղծում են վախի և շտապողականության իրավիճակ՝ փորձելով ազդել ձեր որոշումների վրա և ստիպել գործել առանց մտածելու:


Կարևոր է որևէ պարագայում չկատարել շտապ գործողություններ, որոնք ուղղված են կապ հաստատողին Ձեր վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրելուն:


«Նման դեպքերում անմիջապես դադարեցրեք հեռախոսազրույցը և կապ հաստատեք տվյալ գերատեսչության կամ կազմակերպության պաշտոնական հեռախոսահամարով ստուգելու ստացված զանգի իսկությունը»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Կիբեռոստիկանությունը հիշեցնում է նաև, որ ՀՀ իրավապահ մարմինների, պետական այլ գերատեսչությունների, բանկային ընկերությունների և ԶԼՄ-ների աշխատակիցները քաղաքացիների հետ չեն հաղորդակցվում օտար լեզվով:


«Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Կիբեռոստիկանության թեժ գծին՝ 011-525252՝ ստուգելու կասկածելի դեպքերը և ստանալու անհրաժեշտ քայլերի ուղեցույց»,-ասվում է հայտարարության տեքստում։


 

Leave a comment