Ձեր դաշնակցական բնավորության համաձայն լացուկոծ եք դրել, ասում եք՝ վերադարձի իրավունք, ձեր ցավը տանեմ այդ մարդիկ այնտեղ էին, վերադարձի կարիք չկար. Ռուբինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Պարոն Մինասյանը մեզ կոչ է անում դիտարկել այն հատվածը, ըստ որի՝ Հոկտեմբերի 27-ը կազմակերպել է թուրք-ադրբեջանական տանդեմը: Ճիշտ եմ հասկանում, որ պարոն Մինասյանը կոչ է անում դիտարկել այն վարկածը, ըստ որի՝ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին Հայաստանում տվել է անսահմանափակ իշխանություն»,-ԱԺ նիստում անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը նաև նշեց. «Եկեք համաձայնենք՝ Ռոբերտ Քոչարյանը 1999 թվականի հոկտեմբերի 26-ին անգլիական թագուհի էր և հոկտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին դարձավ Հայաստանի լիիրավ բռնապետ: Դիտարկենք այդ տարբերակը, դա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Ռոբերտ Քոչարյանին անգլիական թագուհուց վերածել է բռնապետի, որը տասը տարի հետո էլ Հայաստանի մայրաքաղաքում այնպես արեց, կամ իր հրամանների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որ 10 հոգի սպանվեց: Խոսում են Մարտի 1-ի բացահայտումից, ով է սպանել այդ տասը հոգուն: Խոսում եք Ղարաբաղի հայկական լինելուց, Ղարաբաղը հայկական էր մինչև 2023 թվականի սեպտեմբերը, երբ դուք իշխանությունը վերցրիք, ձեր դրածոյին դրեցիք այնտեղ նախագահ ու դրանից մի քանի օր հետո ինքը լուծարման փաստաթուղթ ստորագրեց ու մարդիկ դուրս եկան Ղարաբաղից ձեր գործողությունների արդյունքում: Երբ մենք ասում էինք՝ եկեք այնպես անենք՝ այս մարդիկ կարողանան շարունակել ապրել Ղարաբաղում, դուք ասում էիք, չէ այ դավաճաններ, հիմա եկել այստեղ ձեր դաշնակցական բնավորության համաձայն լացուկոծ եք դրել, ասում եք՝ վերադարձի իրավունք, ձեր ցավը տանեմ այդ մարդիկ այնտեղ էին, վերադարձի կարիք չկար»:
Ռուբինյանը դիմելով «Հայաստան» խմբակցությանը՝ ասաց. «Մյուս գումարման ԱԺ-ում ձեզ չեմ կարոտի, բացառությամբ Արծվիկ Մինասյանի, որի հետ բանավիճելն ինձ միշտ հաճելի է եղել»: