Ռոբերտ Քոչարյանը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը համոզված է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կա սահմանադրական արգելք։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարող լինել ո՛չ պատգամավորի, ո՛չ էլ վարչապետի թեկնածու։ Այդ մասին նա հայտարարեց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Այդ անձը ո՛չ վարչապետի թեկնածու է, ո՛չ պատգամավորի։ Սահմանադրությունն արգելում է այդ մարդուն լինել վարչապետի կամ պատգամավորի թեկնածու. նա պատահական անցորդ է։ Մյուս թեկնածուները ԿԸՀ–ում գրանցված են որպես պատգամավորի թեկնածու, իսկ վարչապետի թեկնածուի համար պարտադիր է պատգամավորի թեկնածուի համար առաջադրվող վավերապայմանները»,– նշեց նա` չմանրամասնելով` ինչ սահմանադրական արգելքի մասին է խոսքը։

Ըստ Փաշինյանի` եթե որևէ մեկը չի կարող պատգամավորի թեկնածու լինել, չի կարող լինել նաև վարչապետի թեկնածու։

«Ֆեյք նյուզից պրծանք, հիմա էլ ֆեյք թեկնածուների ձե՞ռքն ենք ընկել։ Այդ մարդը հիբրիդային ֆեյք թեկնածու է։ Ինչպես հիբրիդային լուրեր են տարածում ՀՀ-ում, այնպես էլ հիբրիդային ֆեյք թեկնածու են բերել ՀՀ՝ օգտագործելու համար»,– եզրափակեց նա։

Leave a comment