Ծանրորդ Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել աշխարհի երիտասարդական առաջնությունում

Բաժանորդագրվել

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունն անցկացվում է Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ 79 կգ քաշային Նարեկ Մկրտչյանն արծաթե մեդալ է նվաճել ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկամարտի 336 կգ (150+186 կգ) արդյունքով: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Նա նաև դարձել է հրում վարժության բրոնզե մեդալակիր՝ գլխավերևում պահելով նախ 182 կգ, ապա 186 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժությունում Մկրտչյանը բարձրացրել է 150 կգ ծանրաձողը:

Կանանց 69 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Մերի Միսակյանը երկամարտի 209 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը: Պոկում վարժությունում նա ցույց է տվել 94 կգ, իսկ հրում վարժությունում՝ 115 կգ արդյունք:

«Ավելի վաղ 71 կգ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը դարձել էր պոկում վարժության ոսկե մեդալակիր՝ 144 կգ արդյունքով: Հրում վարժությունում Գրիգորյանը հաջող մոտեցում չէր կատարել: Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հովհաննես Հովհաննիսյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 130 կգ, իսկ հրումում՝ 165 կգ ու 171 կգ: Այս ձևում նա նվաճել էր արծաթե մեդալ: Հովհաննես Հովհաննիսյանը երկամարտի 301 կգ արդյունքով զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունն անցկացվում է Եգիպտոսի Իսմայիլիա քաղաքում մայիսի 2-8-ը։

Leave a comment