QR կոդերի սկանդալով ոչ միայն դատախազությունը, այլև դատարանն է զբաղվում. հայցի քննություն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ 2025 թվականի ապրիլի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և գործող Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումներ է ուղարկել դատախազություն, պատասխանները կհանրայնացնենք ստանալուն պես։

Գործարարները դժգոհում են․ իրավական և համակարգային խնդիրներ

Մինչ պետությունը սա ներկայացնում է որպես ստվերի դեմ պայքարի գործիք, գործարարներն ահազանգում են իրենց ուսերին ավելացած նոր բեռի մասին։

«Այս ամեն ինչը բերում է ապրանքների թանկացման, առանց այդ էլ ինֆլացիան, համաշխարհային իրավիճակը, որ բերել է մեզ այսօր ծանր կացության մեջ, չի թողնում մեզ մի քայլ առաջ անենք»,— «Ազատության» հետ զրույցում ասել է սուրճ արտադրող Րաֆֆի Մեխջյանը՝ դժգոհելով, որ մինչ այս փոփոխությունները ներկրողներն ու արտադրողներն ապրանքների վրա պետության տրամադրած սովորական դրոշմապիտակներ էին փակցնում, իսկ հիմա լրացուցիչ ծախս պետք է անեն՝ վճարելով ոչ թե պետությանը, այլ մասնավորին։

«Մենք այսօր ունենք սառը սուրճերի արտադրություն։ 5–6 տեսակի են, սրանց միջին արժեքը 117 դրամ է։ Երբ ես 117 դրամի վրա 6–7 դրամ ավելացնում եմ QR կոդը, դա ինքնաբերաբար 6–7 տոկոս ավելացնում է արժեքը։ Ես այսօր դեռևս արժեք չեմ փոխել, բայց իմ շահույթն է կրճատվել»,— բացատրել է գործարարը։

«Երևան գարեջուր» ընկերությունն էլ հայց է ներկայացրել դատարան՝ «Հսկիչ նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները» հավելվածի 6-րդ կետի 5-րդ ենթակետը և 14-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջով։

Իրավաբանները հիմնավորում են, որ ՀՀ ՊԵԿ-ի կողմից կիրառվող կարգի համաձայն՝ դրոշմավորում իրականացնելու համար անհրաժեշտ ծածկագրերը պետք է տրամադրվեն ոչ թե պետական մարմնի կամ պետական կազմակերպության կողմից, այլ առևտրային կազմակերպության կողմից, և դրանց համար պետք է վճարի տնտեսվարող սուբյեկտը՝ նախկինից էականորեն բարձր գնով։

«Ակնհայտ է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները հակասում են դրոշմապիտակներով դրոշմավորման իրավակարգավորումներին, ինչը նշանակում է, որ կարգի նշված դրույթները հակասում են օրենսգրքի 396.1 հոդվածին»,— նշված է հայցի մեջ։

Նաև հիմնավորվում է, որ առկա է ՀՀ Հարկային օրենսգրքին հակասող կարգի կիրառումը ապահովող ՀՀ ՊԵԿ-ի կողմից դրսևորված անգործություն, ինչը խախտում է ընկերության իրավունքները և հանդիսանում է այդ կարգը վիճարկելու հիմք՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն։

Բացի այդ, նշվում է, որ դրոշմավորման համար անհրաժեշտ ծածկագրերի տրամադրումը փորձ է վարչաիրավական հարաբերությունները տեղափոխելու քաղաքացիաիրավական դաշտ, ինչը սկզբունքորեն անընդունելի է։

Քանի որ ակնհայտորեն խախտվում են տնտեսվարողների կամքի ինքնավարության, գույքային ինքնուրույնության, պայմանագրի ազատության և մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության սկզբունքները։

Ներկայում գործը գտնվում է դատարանում և պետք է քննվի գրավոր ընթացակարգով, սակայն արդյունավետ կլինի այն քննել բանավոր ընթացակարգով, որպեսզի այս բոլոր հարցերը, որոնք ունեն նաև հանրային նշանակություն, հնարավոր լինի պարզաբանել հրապարակավ։

Դատարանը պետք է պարզաբանի

• կարգավորումները չեն հակասո՞ւմ Հարկային օրենսգրքին
• վարչաիրավական հարաբերությունները չեն տեղափոխվո՞ւմ քաղաքացիաիրավական դաշտ
• ինչու են տնտեսվարողներին պարտադրում պայմանագիր կնքել մասնավոր ընկերության հետ՝ խախտելով տնտեսական ինքնավարության սկզբունքները

QR կոդերով դրոշմավորման համակարգը, լինելով ԵԱՏՄ պահանջ, ինքնին կարող է ունենալ հիմնավոր նպատակներ։ Սակայն դրա իրականացումը Հայաստանում ցույց է տալիս կառուցվածքային խնդիրներ՝ ֆինանսական բեռի անհամաչափ բաշխում, մրցակցության բացակայություն և իրավական վիճահարույց լուծումներ։

Այս համատեքստում QR դրոշմավորման համակարգը վերածվում է ոչ միայն վերահսկողական մեխանիզմի, այլ նաև եկամտի վերաբաշխման գործիքի՝ բիզնեսից դեպի մենաշնորհային օպերատոր։ «Ի-Մարկ» ընկերությանը, կամ փաստացի Փաշայանին, անցած տարի մի շարք գործարարներ վճարել են 3 մլրդ 253 մլն դրամ, իսկ այս տարի այդ թիվն ավելի կմեծանա։ Հարց է առաջանում՝ ինչու պետք է ՊԵԿ նախկին փոխնախագահի ընկերությունն այսքան մեծ շրջանառություն ունենա, եթե այդ գումարները կարող էին ուղղվել պետական բյուջե»։

Leave a comment