Փետրվարի 5-ին՝ ժամը 14:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին: Ցուցադրությունը եռակողմ արդյունավետ համագործակցության արդյունք է, որտեղ ներկայացվելու են «Պեպո» ֆիլմի ստեղծման հետ կապված Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի և Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի արխիվային նյութերից, այդ թվում՝ կոմպոզիտորի տուն-թանգարանի արխիվում պահվող ֆիլմի համար գրված երաժշտության ձեռագիր նոտաները: Ցուցադրվելու են նաև Տերյան մշակութային կենտրոնի՝ «Պեպոն 21-րդ դարում» թեմայով ստեղծված յուրահատուկ հանդերձանքների հավաքածուն: Ցուցահանդեսի բացմանը համերգային ելույթով հանդես կգան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/ և Նունե Մելիք-Վրթանեսյանը /դաշնամուր/: Ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 5-ը: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը այս հոբելյանի առթիվ հրատարակել է Պեպոյի երգի նոտաները: Կինոերաժշտության ոլորտում «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի դեբյուտն էր, որը նշանակալի տեղ զբաղեցրեց հայ կինոյի պատմության մեջ: «Կինոերաժշտություն գրելը ինձ համար եղել է դժվար, բայց չափազանց հետաքրքիր և շնորհակալ աշխատանք», – գրել է Արամ Խաչատրյանը: 2013թվականին Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեեստրում:
«Պեպո 90» /ժամանակավոր ցուցադրություն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում/
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։