Թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատումը «հոգեկան տառապանք» է պատճառել եպիսկոպոսին․ մանրամասներ՝ Սարոյանի՝ դատարան ներկայացրած միջնորդությունից

Կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներից Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հունվարի 27-ին կարգալույծ հռչակվեց։ Գարեգին Բ կաթողիկոսը Սարոյանին ավելի վաղ ազատել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից: Այս որոշման դեմ Սարոյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերջինս վերականգնվել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը:

Factor TV-ն ուսումնասիրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, որը դատարան էր ներկայացրել հայցվոր կողմը։

Միջնորդության մեջ նշվում է՝ հոգևոր ծառայության ընդհատումը հակասում է հենց եկեղեցու դավանանքին․ «Անգամ եթե որոշակի իրավական գործընթացների արդյունքում,․․․հայցվորի պահանջը բավարարվի և անվավեր ճանաչվի ազատման փաստաթուղթը, այս ամբողջ ժամանակահատվածում հայցվորը չի կարող շարունակել իր հոգևոր առաքելությունը, որը տրված է ոչ թե անձի՝ մարդու կողմից, այլ եկեղեցու»։

Նշվում է՝ ուղիղ 5 տարի հայցվորն իր հոգևոր ծառայությունը շարունակել և կառուցել է այն շրջանակներում, որը բնորոշ է թեմակալ առաջնորդին։ Հայցվորը նշել է՝ արդեն իսկ որոշակի պաշտոն զբաղեցնող հոգևոր ծառայողի համար անմիջականորեն և անպատճառ առաջանում է «հոգեկան տառապանք», որը տեղի է ունեցել նման ծառայության համար անհիմն և ոչ իրավաչափ խոչընդոտ ստեղծելու միջոցով, այս դեպքում՝ պաշտոնից ազատելով ակնհայտ չհիմնավորված վարկաբեկիչ պարագաներով։

«Իհարկե, տեսականորեն ցանկացած իրավունքի խախտում կարող է հանգեցնել որոշակի հոգեկան տառապանքի դատարան դիմող անձի համար, և դա դեռևս չի ենթադրում, որ բոլոր հայցերով այդ հիմքով կարող է կիրառվել հայցի ապահովում։ Այս պարագայում, իրավիճակն առանձնահատուկ է, քանի որ հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիությունն անմիջականորեն և ուղղակիորեն կապված է հայոց Եկեղեցու դավանանքի և վարդապետության սկզբունքների հետ, որոնք ինչպես արդեն իսկ նշվել է, ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատությունը և ժամանակով չսահմանափակված լինելը»,-նշվում է միջնորդության մեջ։

Անդրադառնալով հայցի ապահովման միջոցի ձեռնարկման իրավաչափությանը՝ դատարանը գտել է, որ միջնորդությունը հիմնավոր է։ 

 

 

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment