Բայրամովն ու Կալլասը Հարավային Կովկասում կարգավորման գործընթացն են քննարկել

Քաղաքականություն

05.05.2026 | 16:35

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։

Կողմերը քննարկել են քաղաքական երկխոսությունը, իրավական և ինստիտուցիոնալ համագործակցությունը, ինչպես նաև երկկողմ գործընկերության օրակարգի հետագա զարգացման հեռանկարները։ Հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ համագործակցությանը: Ընդգծվել է Ադրբեջանի դերը որպես Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը նպաստող հուսալի մատակարար, ինչպես նաև համագործակցությունը վերականգնվող էներգիայի ոլորտում:

Բացի այդ, քննարկվել են առևտուրն ու ներդրումները, տնտեսական դիվերսիֆիկացիան, թվայնացումը, նորարարությունը և արդյունաբերական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ հարաբերությունները։ Մասնավորապես, ուշադրության կենտրոնում է եղել Կենտրոնական միջանցքի և տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը։

Հաղորդվում է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, այդ թվում՝ հետհակամարտային շրջանում ստեղծված իրավիճակը, վերակառուցումն ու վերականգնումը, մարդասիրական ականազերծման գործողությունները, Հարավային Կովկասում շարունակվող կարգավորման գործընթացը։

Շեշտադրվել է երկարատև խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment