Լուրեր |
Հայաստանը բաց է Էմիրաթական ներդրումների համար։
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 5–ին, Արաբական Միացյալ Էմիրությունների առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով արտաքին գործերի նախարարի տեղակալ Օմրան Շարաֆի և Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի հետ հադիպման ժամանակ նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ ձևավորված սերտ գործակցությունը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմամբ՝ տնտեսության արդիականացման նպատակով։
Այս համատեքստում նշվել է, որ Հայաստանը բաց է Էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի, ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացման համար: