Ամենակարևոր արձանագրումն այն է, որ մենք հիմա Ադրբեջանի հետ ունենք խաղաղություն, և պետք է արձանագրեմ, որ վերջին երկու տարիները առաջին տարիներն են, այսինքն՝ նախորդող շրջանում մենք այդպիսի տարիներ չենք ունեցել, երբ Ադրբեջանի հետ հրաձգությունների և բախումների արդյունքում չունենանք զոհեր և վիրավորներ։ Եվ առաջին անգամ մեր պատմության ընթացքում ՀՀ-ն ու Ադրբեջանը օգտագործում են կամ նույն, կամ շատ նման խոսույթ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց իր, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունների ժամանակ պատասխանելով Բլումբերգի լրագրողի հարցին։
Վարչապետը նշեց, որ և՛ ինքը, և՛ Ադրբեջանի նախագահը ասում են, որ խաղաղությունը նոր հանգամանք է մեր կյանքում, և մենք սովորում ենք ապրել խաղաղության պայմաններում։ Ավելին, մենք դեռ սովորում ենք պատկերացնել, թե ինչ տեսք և պատկեր ունի խաղաղությունը։
«Ես նաև ցանկանում եմ ընդգծել, որ սխալ է այն կարծիքը, թե այսօր ՀՀ-Ադրբեջան հաստատված խաղաղությունը դե յուրե հիմք չունի կամ պարտադիր իրավական ուժ ունեցող չէ։ Դա ճիշտ տեսակետ չէ, որովհետև 2024 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել և երկու երկրներում վավերացրել են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգը, որը մեր երկու երկրների միջև ստորագրված առաջին միջպետական համաձայնագիրն է»,- ընդգծեց վարչապետը։